17 մարտի 2026 – 18:17 AMT
PanARMENIAN.Net – Դատարանում քննվում է Հայաստանի գրողների միության շենքի սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով դատախազության հայցը:
Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, անդրադառնալով հարցին, ասել է, որ Երևանի Բաղրամյան 3 հասցեում գտնվող Գրողների միության շենքը մոտ 75 տարի ծառայել է գրականությանը և գրողներին, հայտնում է Panorama.am-ը:
«Այս շենքը ստեղծվել է գրականության, գրողների միության համար, հիմա վիճարկում են՝ որ ի՞նչ»,- նշել է նա։
Նա հայտնել է, որ կազմակերպությունը դատարանում ներկայացնում է իր դիրքորոշումը՝ կապված Գրողների միության շենքի սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու վերաբերյալ դատախազության հայցի հետ։
«Մենք մեր ճշմարտությունն ենք ներկայացնում, կարծում եմ, ինչ-որ չափով ընկալելի կլինի»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն դատարանից։
Նա նաև տեղեկացրել է, որ այս տարվա ապրիլին նախատեսվում է անցկացնել երեք դատական նիստ։
2024 թվականից իշխանությունները՝ ի դեմս գլխավոր դատախազության, նախաձեռնել են «Հայաստանի գրողների միության» և «Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու գործընթաց։ Ըստ դատախազության՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ շենքերի սեփականության իրավունքի գրանցումը իրականացվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ։
Ստեղծագործական միությունները դիմել են դատարան՝ վիճարկելու դատախազության որոշումը։ Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով վիճարկել Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերի սեփականության իրավունքի գրանցումը։
Դատախազությունը պնդում է, որ 1990-ականներին Երևանի Աբովյան 16 և Բաղրամյան 3 հասցեներում գտնվող շենքերը ապօրինաբար են սեփականաշնորհվել և փոխանցվել ստեղծագործական միությունները ներկայացնող հասարակական կազմակերպություններին։