17 մարտի 2026 – 16:44 AMT
PanARMENIAN.Net – Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է։ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, որոշել է նրա նկատմամբ կիրառել բացակայելու արգելք և վարչական հսկողություն։
Դատարանի որոշմամբ նրան արգելվել է հաղորդակցություն ունենալ վարույթի մասնակիցների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ, ինչպես նաև այցելել թեմի նստավայր և Արագածոտնի մարզում գտնվող եկեղեցիներ, հայտնում է Sputnik Արմենիան:
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է 2025 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելը ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու և իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելու համար։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի (հետագայում կարգալույծ է արվել և ստացել իր ավազանի անունը՝ Ստեփան Ասատրյան)՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների հիման վրա։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով այդ հայտարարությունների վրա։
Փետրվարի 12-ին դատարանը որոշել էր Մկրտիչ սրբազանի կալանքը փոխարինել տնային կալանքով։ Այդ ժամանակ նրան նաև արգելվել էր մասնակցել պատարագների և հանդիպել քահանաների հետ։