17 մարտի 2026 – 16:49 AMT
PanARMENIAN.Net – Եվրամիությունը ապրիլի սկզբին 9–14 փորձագետից բաղկացած առաքելություն է ուղարկելու Հայաստան՝ օգնելու իշխանություններին դիմակայել հիբրիդային սպառնալիքներին և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին, հայտնում է «Ազատությունը»:
Լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ առաքելությունը Հայաստանում անցկացնելու է մոտ 10-15 օր։
Փորձագետների խումբը պետք է աջակցի Հայաստանի վարչապետի աշխատակազմին և Անվտանգության խորհրդի գրասենյակին՝ մշակելու կիբերհարձակումների և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների պայմաններում ճգնաժամերի կառավարման պլաններ և համապատասխան կարգավորումներ։
Օժանդակության շահառուների շարքում նշվել են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ներքին գործերի նախարարությունը և հարկային մարմինները։
Եվրամիությունում նշել են, որ Հայաստանը բախվել է ինտենսիվ հիբրիդային գործողությունների, որոնց նպատակը «ժողովրդավարական ինստիտուտների և հասարակության վստահության խաթարումն» է։ Նման գործողությունների թվում նշվել են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունը, կիբերսպառնալիքները, ինչպես նաև ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավորումը։
«Խիստ հավանական է, որ այդ սպառնալիքները կսրվեն 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին», – նշված է Եվրոպայի խորհրդի հավանությանն արժանացած փաստաթղթում։
Փաստաթղթից պարզ է դառնում նաև, որ Հայաստանը Եվրամիությանը դիմել է անցած տարվա նոյեմբերին։ Հունվարին Եվրամիությունից Հայաստան է ժամանել գնահատման խումբ, որի այցը «պատկերավոր պատկերացում է տվել երկրի խոցելիության մասին հիբրիդային սպառնալիքների նկատմամբ»։ Փաստաթղթում, սակայն, կոնկրետ օրինակներ չեն նշվել։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: