ԱՊՊԱ համակարգում փոխհատուցումների գումարի ավելացումը արդեն իսկ սակագների մեջ ներառված է, հետևաբար, սա չի հանգեցնելու վարորդների կողմից ապահովագրական վճարների ավելացման։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։
«Այն, որ մենք բարձրացնում ենք հատուցման չափը, որը պետք է որ ենթադրեր ապահովագրական վճարի ավելացում, չի ավելանալու սրա պատճառով։ Իսկ այլ պատճառներով սակագների փոփոխություն, իհարկե հնարավոր է։ Ենթադրենք, 6-7 ամիս հետո գնաճի կամ պատահարների հաճախականության բարձրացման հետևանքով սակագները կարող են վերանայվել, քանի որ ազատական են, կարող է բարձրանալ կամ կարող է նույնիսկ նվազել»,–ասել է նա։
Անդրադառնալով ավտովթարների հաճախականության նվազման խնդրին, Եղիազարյանը նշել է, որ դրա համար երեք հիմնական ուղղություն կա դասական. «Դա ճանապարհների կահավորվածության, կարգավորման վիճակի բարելավումն է, վարորդների վարքագծի բարելավումը և մեքենաների վիճակի բարելավումը: Այդ երեք ուղղությամբ էլ մենք որոշակի պլաններ նախատեսել ենք: Բայց քանի որ դա միայն մեզանից չի կախված, մենք ստիպված որոշ պետական մարմինների հետ ենք աշխատում, նաև ՀԿ-ների և լրագրողների հետ։
Օրինակ, ճանապարհային կահավորման վիճակը ազդում է պատահարների վրա, ենթադրենք մի տեղ փոս է, կամ, ասենք, նշանը լավ չի երևում կամ նույն նշանից երկու կողմ դրված է, երկուսն էլ համարվում է գլխավոր կամ զիջել և այլն։
Մենք հիմա պատրաստվում ենք ամբողջ Հայաստանի տարածքով պատահարների քարտեզ ձևավորել, որը աշխատի օնլայն ռեժիմով, որի հիման վրա կարելի է տեսնել, այսպես ասած, սև կետեր, որտեղ շատ պատահարներ են լինում, վերլուծել, հասկանալ դրա պատճառները, ու դրա հիման վրա ինչ-որ գործողություններ անել։ Բայց դա կոմպլեքս աշխատանք է պահանջում, այդ թվում ՆԳՆ–ի ու ՏԿԵՆ–ի հետ»,–ասել է նա։
Վաղինակ Եղիազարյանի խոսքով, բացի դրանից նաև վարորդների վարքագծի ազդեցության համար ինչ-որ միջոցառումներ են նախատեսում. «Օրինակ, հիմա հաշվարկներ ենք անում, որ իրենց խախտումների պատմությունը, այս բոնուս-մալուս համակարգի մեջ ինչ-որ կշռով հաշվի առնենք, որ կանխարգելենք։ Օրինակ, եթե խախտումներ շատ են անում, իրենց սակագինը բարձրանա, քիչ են անում՝ իջնի, որ վարքագծի վրա ազդեցություն լինի։
Մենք նաև առաջարկ ենք արել ինչ-որ դասընթացներ նախատեսվի, քննություններ հանձնել, որի արդյունքում մալուսը զիջվի, այսինքն, սակագինը նվազի և ինչ-որ տեղ բալեր իրեն վերադարձնեն»: