
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն անդրադարձել է այն հնարավորությանը, որ ԱՄՆ-ն կարող է զորքեր ուղարկել Խարգ կղզի։ Նա նշել է, որ այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է և դեմ է միջազգային օրենքին։ Նման իրավիճակում Իրանը կպաշտպանվի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Խաթիբզադեն հայտարարել է երկրում գտնվող Sky News-ի միջազգային լրատվության խմբագիր Դոմինիկ Ուեգորնի հետ բացառիկ հարցազրույցում։ Լրագրողի մեկնաբանությանը, որ ԱՄՆ-ն հազարավոր ծովային հետևակայինների է ուղարկում տարածաշրջան, Խաթիբզադեն պատասխանել է, որ Իրանը կպաշտպանի իրեն։ Լրագրողը հարցրել է, թե ինչ տեղի կունենա ծովային հետևակայինների հետ, եթե նրանք ոտք դնեն Խարգ կղզի։
«Կարդացեք, թե ինչ է տեղի ունեցել Վիետնամում։ Հույս ունեմ, որ խելամտությունը կգերակայի, որ դիվանագիտությունը կգերակայի մյուս կողմի մոտ», – ասել է Խաթիբզադեն։ Հարցին՝ արդյոք Իրանն այժմ պատրաստ է բանակցությունների, Խաթիբզադեն պատասխանել է, որ իրենք այժմ կենտրոնացած են երկրի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու վրա։
«Ցանկացած բան, որ կարող է մեզ շեղել այս հերոսական ազգային պաշտպանությունից, այդ պահին չի քննարկվում», – ասել է ԱԳ փոխնախարարը՝ նշելով, որ պատերազմի ավարտի որոշում պետք է կայացնեն նրանք, ովքեր սկսել են այս ագրեսիան։Խաթիբզադեն շեշտել է՝ Իրանը պատրաստ է պաշտպանվել, որքան դրա անհրաժեշտությունը լինի։
Իրանի ԱԳ փոխնախարարը նաև անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին՝ կապված երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջության և այն փաստի հետ, որ նա չի հայտնվել հանրության առաջ։