Ես Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի աշխատակիցների հետ խոսել եմ միայն մեկ անգամ: Դա եղել է երեկ. մենք շատ մանրամասն քննարկել ենք բոլոր հարցերը, ես նրանց փոխանցել եմ այն տեղեկատվությունը և անդրադարձել եմ իրենց կողմից բարձրացված հարցերին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ինքը նախապես աշխատակիցներին հայտնել էր, որ Էդիտա Գզոյանը թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատվել է Ցեղասպանության հուշահամալիրի շինարարությանն առնչվող մի շարք պատճառներով, այն դեպքում, երբ ավելի ուշ պարզ էր դարձել՝ ազատման պատճառն ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելն է եղել։
Ճշտող հարցին՝ այսինքն չի՞ ասել, որ Գզոյանը շինարարական խնդիրների պատճառով է հեռացվում, Անդրեասյանը պատասխանեց.
«Ես նման բան չեմ ասել։ Ես հենց սկզբից էլ ավելի շատ հարցը բարձրացրել եմ կառավարման մասով։ Աշխատակազմը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, դա եղել էր նախորդ շաբաթվա վերջին՝ հինգշաբթի կամ ուրբաթ։ Երկուշաբթի կայացավ հանդիպումը, շուրջ 30 հոգի եկել էր նախարարություն, մենք մանրամասն խոսել ենք բոլոր հարցերից։ Իրենք տարբեր հարցեր ունեին՝ հիմնականում կապված իրենց գիտական, հետազոտական գործունեության հետ, և ես շատ հստակ իրենց ասել եմ, որ իրենք պետք է վերադառնան իրենց բնականոն աշխատանքին, իրականացնեն այն գործունեությունը, որն իրականացնում են։
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆինանսավորումը ամեն տարի ավելացել է պետության կողմից, երբեք պետությունն այսչափ աջակցություն չի տրամադրել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտին։
Ես տիկին Գզոյանին շատ գնահատում եմ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը և գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի՝ այդ թվում Ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Այդ իմաստով կարծում եմ, որ մեր համագործակցությունը ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, որը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն։
Ինձ համար հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ, և այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը»։
Հարցին՝ իսկ ի՞նչ արել պետական արարողակարգը, որ այդ իրավիճակը չլիներ, նախարարը պատասխանեց՝ այդ մասին հարցերը լրագրողները ճիշտ հասցեով չեն ուղղում, որովհետև ԿԳՄՍ նախարարությունը պետական արարողակարգով չի զբաղվում։
Ժաննա Անդրեասյանը միաժամանակ շեշտեց՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին վերականգնելու հարց չկա։
Ինչ վերաբերում է թանգարան-ինստիուտի «Արցախի» բաժինը փակելու վերաբերյալ լուրերին, նախարարն ասաց.
«Ես աշխատակիցներին ասել եմ, որ վերադառնան իրենց գիտահետազոտական աշխատանքին, իրենց գիտական, հետազոտական աշխատանքում որևէ բան չի փոխվում»։