ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկությունը, որը տեղի ունեցավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ հուշահամալիր այցից հետո։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանել էր, որ անձամբ է պահանջել Գզոյանի հեռացումը, երբ տեղեկացել է Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու մասին։
Անդրեասյանը տեղի ունեցածը որակել է որպես «կառավարչական խնդիր»։ Նախարարի խոսքով՝ կառավարումը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություն, և ծագած հարցերը պետք է լուծվեն՝ անկախ տվյալ աշխատակցի գիտական գործունեությունից։ Նա հավելել է, որ գիրք նվիրելու փաստը պետք է դիտարկել հենց հաստատության ղեկավարի կառավարչական պատասխանատվության տիրույթում։
«Մենք խոսում ենք ղեկավար անձի կողմից կառավարման հարցերի մասին և ընդամենը ինձ համար հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, որ չպիտի լիներ և այդ իրավիճակը ունեցել է իր հանգուցալուծումը»,- նշել է նա։
Նախարարը խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե ինչու է տարիներով գոյություն ունեցող ավանդույթը՝ օտարերկրյա պատվիրակություններին գրքեր նվիրելու մասին, խնդրահարույց է դարձել հենց հիմա։ Նա սահմանափակվել է՝ նշելով, որ յուրաքանչյուր այցի արարողակարգ ձևավորվում է առանձին և համաձայնեցվում ընդունող կողմի հետ։
Ինչ վերաբերում է պետական արարողակարգի դերին, Անդրեասյանը հայտարարել է, որ իր գերատեսչությունը չի զբաղվում այդ հարցերով և լիազորված չէ մեկնաբանել դրանք։
Միևնույն ժամանակ, նախարարը հերքել է, թե Գզոյանի հեռացումը կապված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման ընթացքում ի հայտ եկած խնդիրների հետ։ Նա բարձր է գնահատել Գզոյանին որպես գիտնականի՝ նշելով, որ վերջինս կարող է շարունակել իր հետազոտական աշխատանքը, այդ թվում՝ նույն թանգարանում, և համագործակցությունը նրա հետ «ամենևին սպառված չի»։
Armenia Today-ի հարցին՝ արդյոք քննարկվում է Գզոյանին տնօրենի պաշտոնում վերականգնելու հարցը, Անդրեասյանը տվել է բացասական պատասխան։
Անդրադառնալով թանգարանի աշխատակիցների մտահոգություններին, այդ թվում՝ Արցախի բաժնի հնարավոր փակմանը, նախարարը նշել է, որ կոլեկտիվի հետ հանդիպմանը քննարկվել են բացառապես աշխատանքային հարցեր։ Նա հայտնել է որ կոչ է արել աշխատակիցներին վերադառնալ բնականոն աշխատանքի՝ վստահեցնելով, որ նրանց գիտահետազոտական գործունեության մեջ «ոչինչ չի փոխվում»։
Փետրվարի 20-ին Գզոյանի հրաժարականից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հաստատել էր, որ անձամբ է պահանջել նրա հրաժարականը, երբ տեղեկացել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 10-ի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ տնօրենը Վենսին Հայոց ցեղասպանության և Արցախի հարցի մասին գրքեր է նվիրել։
