Մարտի 7-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչը հայտնել էր, որ գիշերը գողացել են նրա մեքենայի կողային հայելիները և թողել տելեգրամյան հասցեով գրություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Շուտով ստացվել է հավաստի տեղեկություն, որ շորթման նպատակով հափշտակությունը կատարել է Վազգեն Վեհափառի փողոցի բնակիչ 29-ամյա երիտասարդը։
Մարտի 9-ին՝ ժամը 03։45-ին, երիտասարդը հայտնաբերվել է Արամ Խաչատրյան փողոցում, ձերբակալվել և տեղափոխվել բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են պտուտակահաններ, հարթաշուրթեր և այլ գործիքներ, զենքի ու փամփուշտի նմանվող առարկաներ, մոխրացած հետքերով կաթուցիչ, թմրանյութանման զանգվածով փաթեթ և տելեգրամյան հասցեով գրություն, որը նույնական էր մարտի 7-ին Բաղրամյան պողոտայի մեքենային թողած գրությանը։
Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։