17 մարտի 2026 – 11:44 AMT
PanARMENIAN.Net – Ղրիմի Թեոդոսիա քաղաքում փլուվել է 1408 թվականին կառուցված Սուրբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետների հայկական եկեղեցու անկյունային հատվածը։ Տաճարը ներառված է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում։ Այդ մասին հաղորդել է Ղրիմի տեղեկատվական գործակալությունը՝ նշելով, որ հունվարին նույն վայրում փլվել է նաև զանգակատունը, գրում է The ins.ru-ն:
Եկեղեցին հայտնի է նաև նրանով, որ 1848 թվականին այստեղ է իր առաջին կնոջ՝ Յուլիա Գրևսի հետ պսակադրվել նշանավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:
Փետրվարին Թեոդոսիայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կիմը հայտնել է8, որ քննարկվել են եկեղեցու պահպանմանն ուղղված առաջնային քայլերը։ Նախատեսվում է ուսումնասիրել շենքը, որը վերջին անգամ վերականգնվել է 1968 թվականին, ինչպես նաև պատրաստել տեխնիկական եզրակացություն դրա վիճակի վերաբերյալ։
Մարտի 7-ին տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ մշակութային ժառանգության օբյեկտի ոչ պատշաճ պահպանման հոդվածով (ՌԴ ՔՕ 243.1-րդ հոդված)։ Քննության վարկածով՝ պատերի ճաքերի և զանգակատան փլուզման պայմաններում վերականգնողական աշխատանքներ կազմակերպելու ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվել։