Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով

Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով

17 մարտի 2026 – 10:36 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով։

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով, որը հիմնարար քայլ է Ձեր կողմից հռչակված «Արդար Ղազախստանի» կառուցման ուղղությամբ: Համաժողովրդական քվեարկության արդյունքներով վերստին դրսևորվեց Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքը՝ օրենքի գերակայության պայմաններում երկրի անկախության ու ինքնիշխանության ապահովման, բարեկեցիկ և արդիական հասարակություն կառուցելու գործում:

Խորապես վստահ եմ, որ Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր լիցք կհաղորդեն Երևանի և Աստանայի միջպետական ռազմավարական գործընկերությանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման: Ի սրտե մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ պետական գործունեության մեջ, քաջառողջություն և բարօրություն»,-ասվում է ոըղերձում:

Ղազախստանում ընդունված նոր սահմանադրությունն ամրապնդում է նախագահի իշխանությունը, խորհրդարանը դարձնում է մեկ պալատանի և ամուսնությունը սահմանում է որպես «տղամարդու և կնոջ միություն»: Թեև նախնական ասվում էր որոշ փոփոխությունների մասին, սակայն սահմանադրությունը փոխվել է ավելի քան 80 տոկոսով:

Leave a Comment