Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն և Հաջիևը նախկինում բանակցել են. ԶԼՄ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին դիվանագետ Հրաչյա Թաշչյանը 2018-2019 թվականներին գաղտնի գրագրության մեջ է գտնվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ, գրել է «Հրապարակը»։

Պարբերականի փոխանցմամբ՝ նա 2020 թվականի հուլիսի 9-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ 3 տարի ժամկետով, իսկ 1,5 տարի անց՝ 2021 թվականի դեկտեմբերին, Փաշինյանը նրան ազատել է, երբ արտահոսքեր կային այդ բանակցությունների մասին։

Մինչ Փաշինյանի օգնական նշանակվելը Թաշչյանը պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում՝ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: Թաշչյանը ՀՀ արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունի:

Վարչապետը մարտի 12-ի ասուլիսում նշել էր, որ անձամբ է պահանջել Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանի հրաժարականը, ինչի պատճառն, ըստ կառավարության ղեկավարի, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 10-ի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ Գզոյանի կողմից Վենսին Հայոց ցեղասպանության և Արցախի խնդրի մասին գրքեր նվիրելն էր։

Leave a Comment