Իրանն ու ԱՄՆ վերսկսել են ուղիղ շփումները. Axios — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին վերջին օրերին վերսկսել են ուղիղ շփումները, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Բայց այդ շփումները շատ հետաքրքիր տեսք ունեն։ Axios-ի ամերիկյան աղբյուրների համաձայն` Արաղչին Ուիթքոֆին ուղարկել է տեքստային հաղորդագրություններ, որոնցում նշվում էր Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմը դադարեցնելու մասին։

Սակայն Drop Site News-ն ավելի վաղ հայտնել էր, որ, արդեն ըստ իրանական աղբյուրների, հենց Ուիթքոֆն է հաղորդագրություններ ուղարկել Արաղչիին, իսկ Իրանի ԱԳ նախարարը դրանք անտեսել է։

Միեւնույն ժամանակ ամերիկացի պաշտոնյան Axios-ին պնդել է, որ հենց Արաղչին է փորձել կապ հաստատել, սակայն, նրա խոսքով, ԱՄՆ-ը «բանակցություններ չի վարում» Իրանի հետ։

Անհասկանալի է, թե որքան Արաղչիի եւ Ուիթքոֆի փոխանակած հաղորդագրությունները որքան բովանդակալից էին, սակայն ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո սա Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ առաջին հայտնի ուղիղ շփումն է։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կապ է հաստատել Վաշինգտոնի հետ, սակայն պարզ չէ՝ արդյո՞ք իրանցի պաշտոնյաները լիազորված են համաձայնագիր կնքելու։ «Մենք պատկերացում չունենք, թե ովքեր են նրանք»,- ասել էր Թրամփը լրագրողներին։

Leave a Comment