
Չինացի բժիշկները մոռացել են հիվանդի մասին ՄՌՏ հետազոտության ժամանակ, և վերջինս 6 ժամ անցկացրել է տոմոգրաֆի մեջ։ Այս մասին հայտնել է Soho-ն։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 26-ի առավոտյան Հուաժոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի Տոնջի հիվանդանոցում։ Հիվանդին, որի սեռը և տարիքը չեն նշվում, բժիշկները մոռացել են հերթափոխի ժամանակ։ Բժիշկները, որոնք ավարտում էին իրենց հերթափոխը, մոռացել են սարքի մեջ գտնվող բուժառուին և չեն տեղեկացրել նրա մասին իրենց գործընկերներին։
ՄՌՏ հետազոտությունն արդեն ավարտված է եղել, և բժիշկները կարծել են, որ հիվանդը տուն է գնացել։ 6 ժամ անց անձնակազմը հայտնաբերել է, որ հիվանդը դեռ սպասում է սարքից դուրս գալուն։
Դեպքի վերաբերյալ հետաքննություն է անցկացվել։ Պատասխանատու բժիշկների գործունեությունը կասեցվել է ներքին հետաքննության շրջանակներում։ Պարզվել է, որ հիվանդանոցի ռենտգենաբանական բաժանմունքի հերթապահ անձնակազմը խախտել է աշխատանքային կարգապահությունը և հերթափոխի համակարգը։ Հիվանդանոցը ներողություն է խնդրել հիվանդից։