Կլինիկական մահ ախտորոշմամբ հոսպիտալացված 1–ամյա երեխային ծեծի ենթարկելու գործով ձերբակալվել է հոր երկրորդ կինը․ ի՞նչ է պատմում փոքրիկի մայրը

1–ամյա երեխայի ծեծի գործով ձերբակալվել է հոր երկրորդ կինը․ ի՞նչ է պատմում մայրը


ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/․ Դաժան ծեծի հետևանքով կլինիկական մահ ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 1–ամյա փոքրիկ Ալեքսանի ծեծի գործով ձերբակալվել է հոր երկրորդ կինը։


Փոքրիկի մայրը՝ Մարիամը, դեռ չի կարողացել տեսնել որդուն։


Նրա խոսքով՝ բժիշկները հայտնել են, որ երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, և նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նշվում news.am–ի պատրաստած ռեպորտաժում։


Մարիամը պատմել է, որ երեխային մի քանի օրով թողել էր նրա հոր և հոր երկրորդ կնոջ տանը։ Նրա խոսքով՝ նախկին ամուսնու ընտանիքի հետ լավ հարաբերություններ է ունեցել և կարծում էր, որ երեխան այնտեղ ապահով կլինի։


«Ես չգիտեի, որ նման բան կարող է լինել։ Ուզում էի աշխատանք գտնել, տուն վարձել և երեխային ինձ մոտ տանել»,– ասել է նա։


Մարիամի նախկին ամուսնու երկրորդ կինը ձերբակալված է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Նախնական տվյալներով՝ հենց նա է մոր բացակայության պայմաններում դաժան ծեծի ենթարկել երեխային և հարվածներ հասցրել նրա գլխին։


Միևնույն ժամանակ Մարիամը նշել է, որ չի տեսել, թե ով է հարվածել երեխային, և դժվարանում է հավատալ, որ դա կարող էր անել հենց կասկածյալ կինը։ Նրա խոսքով՝ չի կարող բացառել նաև այլ վարկածներ։


Կեսգիշերին տեղի ունեցած դեպքի մասին Մարիամի ընտանիքի անդամները նույնպես մանրամասներ չեն հայտնում՝ նշելով, որ սպասում են իրավապահ մարմինների քննության արդյունքներին։ Մարիամի նախկին ամուսնու հետ այս պահին կապ հաստատել չի հաջողվել։


Մարիամը նշել է, որ ցանկանում էր կայուն աշխատանք գտնել, տուն վարձել և երեխաներին իր մոտ տանել։ Նրա մեկ տարեկան որդին բնակվում էր հոր տանը, իսկ երեք տարեկան դստերը խնամում են Մարիամի մայրը և տատիկը։


Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչները շոկի մեջ են կատարվածից։ Նրանց խոսքով՝ դեպքի մասին շատ մանրամասներ հայտնի չեն։ Գյուղացիները նշում են, որ Մարիամը վաղ տարիքից է ամուսնացել և հազվադեպ է լինում գյուղում։ Նախկին ամուսնուն նրանք չեն ճանաչում՝ նշելով, որ նա բնակվում է Երևանում։


Թե դեպքի պահին ովքեր են եղել տանը, գյուղացիները չեն կարող ասել։ Հայտնի է միայն, որ Մարիամի նախկին ամուսնու երկրորդ կինը երկու երեխա ունի և ապրում են քաղաքում։


Դեպքը տեղի է ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակարաններից մեկում։


Ինչպես հայտնել են «Արաբկիր» բժշկական կենտրոնից, կլինիկական մահ ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված փոքրիկն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։


Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մարմինները շարունակում են քննությունը։

Leave a Comment