Բաքվի դատարանը ֆրանսիացի գործարարին լրտեսության համար դատապարտել է 10 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը ֆրանսիացի գործարար Մարտին Ռայանին դատապարտել է 10 տարվա ազատազրկման։ Ըստ AFP-ի՝ նա մեղադրվել է Բաքվի՝ Թուրքիայի և Պակիստանի հետ ռազմական համագործակցության մասին գաղտնի տեղեկություններ հավաքելու մեջ։

Ռայանի ենթադրյալ հանցակիցը՝ Ադրբեջանի քաղաքացի Ազադ Մամեդլին, «պետական ​​դավաճանության» համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։

Դատավարությունը սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Երկու մեղադրյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել։

«Mercorama»-ի գործադիր տնօրեն Մարտին Ռայանը ձերբակալվել է 2023 թվականի դեկտեմբերին։ Նրան, մասնավորապես, մեղադրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում ադրբեջանական բանակի սպառազինության և անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու մեջ։

Ինչպես նշում է AFP-ն, գործարարի ձերբակալությունը տեղի է ունեցել Փարիզի և Բաքվի միջև դիվանագիտական ​​ լարվածության շրջանում։ 2023 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին զենք մատակարարելու պատճառով մեղադրել էր Ֆրանսիային Կովկասում նոր պատերազմ հրահրելու մեջ։

Փարիզում հայտարարել էին, որ Բաքուն սպառնում է Երևանին։ Ի պատասխան՝ Ադրբեջանը վտարել էր ֆրանսիացի դիվանագետներին, որին հաջորդել էր Փարիզի նմանատիպ քայլը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Ռայանի ձերբակալությունը անվանել էր «կամայական»՝ կոչ անելով նրան ազատ արձակել։

Leave a Comment