Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը՝ Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար ռազմանավեր ուղարկելու վերաբերյալ: Ինչպես փոխանցում է РБК-ն, Պիստորիուսն ընդգծել է, որ Գերմանիան չի ներքաշվի հակամարտության մեջ:
«Սա մեր պատերազմը չէ, մենք այն չենք սկսել: Մենք ուզում ենք դիվանագիտական լուծումներ և հակամարտության արագ ավարտ, բայց տարածաշրջանում ռազմանավերի քանակի ավելացումը դժվար թե դրան նպաստի», – հայտարարել է նա: Պիստորիուսը նաև զգուշացրել է, որ հաջորդ քայլը կարող է Գերմանիային ներքաշել այս հակամարտության մեջ։
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կորնելիուսը նույնպես հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կապ չունի ՆԱՏՕ-ի հետ: «Սա ՆԱՏՕ-ի պատերազմը չէ: ՆԱՏՕ-ն դաշինք է իր տարածքը պաշտպանելու համար», – ընդգծել է նա:
Մինչդեռ Դոնալդ Թրամփը The Financial Times-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ին «շատ վատ ապագա» է կանխատեսել, եթե դաշինքը հրաժարվի օգնել ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում: Նա նշել է, որ Վաշինգտոնը չպետք է օգներ դաշինքին Ուկրաինայի հարցում, բայց այնուամենայնիվ օգնություն է ցուցաբերել: «Հիմա կտեսնենք՝ արդյոք նրանք կօգնե՞ն մեզ», – ասել է ԱՄՆ առաջնորդը:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն քննարկում է Հորմուզի նեղուցով նավերի անցումը վերականգնելու երկու տարբերակ: Առաջինը Կարմիր ծովում և Պարսից ծոցում նավերը պաշտպանող «Ասպիդես» օպերացիայի ընդլայնումն է, երկրորդը՝ «Կամավորների կոալիցիայի» ձևավորումը: «Մեր շահերից է բխում Հորմուզի նեղուցը բաց պահելը», – ընդգծել է Կալլասը:
