Թրամփին չի հաջողվում հակաիրանական կոալիցիա ձևավորել

1in.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 15-ին ՆԱՏՕ-ի համար «չափազանց մռայլ» ապագա է կանխագուշակել, եթե Դաշինքի անդամ երկրները չօգնեն կարգավորել Հորմուզի նեղուցի նավագնացությունը: «Շատ տեղին է, որպեսզի նրանք, ովքեր օգտվում են նեղուցից, օգնեին ապահովել, որպեսզի այնտեղ որևէ խնդիր չլինի»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը: Հարցին, թե հատկապես ի՞նչ օգնություն է նա ՆԱՏՕ-ից ակնկալում, Թրամփը պատասխանել է. «Այն ամենը, ինչ կպահանջվի»: ԱՄՆ նախագահը առանձնակի դժգոհություն է հայտնել Մեծ Բրիտանիայից, որ ԱՄՆ-ի «վաղեմի և խոշոր դաշնակիցն» է, բայց երբ ինքը խնդրել է, որ «նրանք գան, նրանք չեն ցանկացել»:


 


Միացյալ Նահանգները դիմել է նաև Չինաստանին: «Համարում եմ, որ Չինաստանը պետք է օգնի, քանի որ նավթի իննսուն տոկոսն ստանում է այդ նեղուցով»,- ասել է Թրամփը և ակնարկել, թե կարող է հետաձգել Սի Ծինփինի հետ գագաթաժողովը, քանի որ «մինչ այդ կարող է շատ ուշ լինել»: Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, մինչդեռ, հայտարարել է, որ Պեկինը հերթական անգամ կողմերին կոչ է անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ձեռնպահ մնալ հետագա սրացումից, կանխել տարածաշրջանի ապակայունացումը, միջազգային տնտեսության զարգացման համար ավելի լուրջ հետևանքներ թույլ չտալ»:


 


Պեկինը փաստացի մերժել է Հորմուզի նեղուցի «ապաշրջափակմանը» ներգրավվելու Թրամփի առաջարկը: Այստեղ հարկ է ընդգծել, որ նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին հավաստիացրել է, որ Հորմուզի նեղուցը «փակ է միայն ամերիկյան և իսրայելական նավերի համար»: Այս իրավիճակում ՆԱՏՕ-ի անդամ երկրները և Չինաստանը Իրանի հետ ռազմական բախման մեջ մտնելու որևէ էական մոտիվացիա չունեն:


 


Անոնսավորված է, որ Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ գագաթաժողովը «կկայանա մարտի 31-ին»: Բազմաթիվ փորձագետներ և քաղաքական գործիչներ, այդ թվում «Մեր տուն Իսրայել» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Լիբերմանը, տպավորություն են փոխանցել, որ այդ հանդիպման «նաօրեին Իրանի դեմ պատերազմը կդադարի»: Դատելով ԱՄՆ նախագահի վերջին հարցազրույցի տոնայնությունից, դա հազիվ թե տեղի ունենա:


 


Ավելին, ինչպես հասկացվում է, Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ գագաթաժողովը նույնիսկ կարող է հետաձգվել: ԱՄՆ նախագահը պատրաստվում էր Պեկին մեկնել որպես Իրանի դեմ պատերազմն արդեն հաղթած առաջնորդ: Թեև Իրանի դեմ օդային և հրթիռային հարվածները շարունակվում են, չափազանց վաղ է խոսել իսրայելա-ամերիկյան հաղթանակի մասին, իսկ եթե հարցը հասնի ցամաքային ռազմագործողության անցկացմանը, ապա պատերազմը կտևի ամիսներ, եթե ոչ՝ տարիներ:


 


Վերջին օրերին տեեղեկություն է տարածվել, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին «ռազմական ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ենթարկվել է բարդ վիրահատության և ներկայումս բուժում է ստանում ՌԴ նախագահի աշխատակազմին պատկանող մասնավոր բուժհաստատությունում»: Այս տեղեկությունը իրանական կողմը պաշտոնապես չի հերքել, բայց չկա նաև Ռուսաստանի որևէ պատկան մարմնի արձագանքը:


 


Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի այնքան, քանի դեռ ԱՄՆ նախագահ Թրամփը «չի գիտակցի կայացրած որոշման սխալը»: Արաղչին ասել է, որ բանակցություններ սկսելու հարցով Թեհրանը Վաշինգտոնին «չի դիմել և բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի տեսնում»: Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանին զգուշացրել է, որ ԱՄՆ-ում «մտադիր են կրկնել սեպտեմբերի 11-ի նախադեպը»:


 


Խոսքը 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու -Յորքի երկու երկնաքերերի դեմ իրականացված ահաբեկչության մասին է: Այդ առթիվ առայսօր տեսակետ կա, որ այն «կազմակերպված էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից, որպեսզի հակաիսլամական կոալիցիա ձևավորվի»: ԱՄՆ նախագահին, երեւում է, չի հաջողվում Իրանի դեմ միջազգային կոալիցիայի հասնել:


Leave a Comment