Մեկ հարց․ Փխրուն կարգավիճակը միայն ավելացնում է Փաշինյանի կախվածությունը․ Տիգրան Խզմալյան

ՄԻՏՔ․am – Պարոն Խզմալյան, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, Հայաստանը հնարավոր է գնա Վրաստանի ճանապարհով։

ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյան․ – Հայաստան – Եվրամիություն բարդ հարաբերությունները հասկանալու համար օգտակար է համեմատել մեր երկիրը այլ հետխորհրդային հանրապետություններում տեղի ունեցող գործընթացների հետ։

Հատկապես ուշագրավ են զարգացումները Վրաստանում եւ Մոլդովայում։ Երկու երկրներում էլ առկա են տարածքային խնդիրներ եւ զավթված տարածքներ (Աբխազիա, Հարավային Օսեթիա, Մերձդնեստրի շրջան), փախստականներ, ռսական ազդեցություն, աղքատություն եւ սոցիալական բեւեռացում։

Երկու երկրներն էլ 2002 թ. դիմել են ԵՄ անդամակցության հայտով եւ ստացել էին թեկնածուի կարգավիճակ։ Սակայն Վրաստանում զարգացումները ընթացան Ռսաստանի հետ մերձեցման ճանապարհով, շնորհիվ «Վրացական երազանք» կուսակցության եւ դրա ղեկավար, օլիգարխ Իվանիշվիլիի կոլաբորացիոնիստական դիրքոշման։

Մոլդովան հստակ եւ հետեւողականորեն մերձենում է ԵՄ-ին՝ շնորհիվ նախագահ Մայա Սանդույի խիզախ ու սկզբունքային քաղաքականության։ Նաեւ՝ եթե համեմատենք Հայաստանի զարգացումների հետ, ապա Փաշինյանն ակնհայտորեն ընտրեց «վրացական տարբերակը»՝ Մոսկվայի հետ հարաբերություններում։

Նա համոզեց Պուծինին, որ «հայկական Սահակաշվիլի» չէ եւ ստանձնեց ավելի շատ «հայկական Իվանիշվիլիի» դերը, որպեսզի բացառի Սամվել Կարապետյանի կամ նման այլ գործիչների հնարավոր աջակցությունը Մոսկվայի կողմից։

Արդյունքում, ՀՀ վարչապետը փորձում է «բալանսավորել» Ռսաստանի եւ ԵՄ միջեւ, սակայն այդ փխրուն կարգավիճակը միայն ավելացնում է Փաշինյանի կախվածությունը՝ ինչպես Պուծինից, այնպես էլ՝ վերջինիս ռազմավարական դաշնակիցներից՝ Ալիեւից եւ Էրդողանից։

ԵՄ արդեն ուղիղ մեղադրել է «Վրացական երազանքին» երկրի եվրաինտեգրման մասին սուտ խոստումներ տալու համար եւ՝ ամենայն հավանականությամբ, նույն վերաբերմունքը ձեւավորվում է Եվրոպայում նաեւ ՀՀ իշխանությունների մասին։

Leave a Comment