Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հակակոռուպցիոն քրեական դատարանը նախագահությամբ Վահե Դոլմազյանի, ավարտել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հիմնական դատալսումները։ Վերդիկտը պետք է հրապարակվեր մարտի 12-ին։ Սակայն դատարանի որոշմամբ հրապարակումը հետաձգվեց և վերդիկտը հրապարակվեց այսօր՝ մարտի 16-ին։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի, լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Գասպարյանի գործով վերդիկտը: Դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել և ապացուցված համարել հանցանքները։
Արուսյակ Ալեքսանյանը, դատավորի օգնական Թամարա Պետրոսյանը և Էրիկ Ալեքսանյանն նախկինում բազմիցս նշել են, որ ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։
Iravaban.net-ի հետ զրույցում Էրիկ Ալեքսանյանը նշեց որ վիճարկելու են վերդիկտը։
«Մենք մեր արածի չափն էլ գիտենք, բայց չարածի չափն էլ գիտենք շատ լավ։ Հետևաբար, ինչպես ասել եմ դատական նիստի ժամանակ, ևս մեկ անգամ կերկրորդեմ, կյանքը գտնվում է այստեղ, իսկ մեզ դուր է գալիս այստեղ։ Հետևաբար այս վերդիկտը մեր կյանքում վստահ կարող եմ ասել, որևէ բան չի փոխել, չի էլ փոխելու, իսկ ինչ վերաբերում է դատարանի վերդիկտին, բնականաբար համաձայն չենք, վիճարկելու ենք, բայց իրականության հետհաշվի ենք նստում, որոշման հետ այս պահին հաշվի ենք նստում և ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։
Մանրամասները տեսանյութում