Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը զրպարտության համար դատի է տվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին, տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից։
Հակոբյանը պահանջում է հերքել ֆեյսբուքյան գրառման մեջ իր հասցեին հնչեցված զրպարտություն համարվող հայտարարությունները և 1 միլիոն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում
Խաչատրյանի գրառման մեջ, մասնավորապես, ասվում էր. «2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը (…)։ Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են»:
Հակոբյանը հայցադիմումում այս հայտարարությունները որակել է որպես զրպարտություն և դատարանից պահանջել է պարտավորեցնել Խաչատրյանին հրապարակայնորեն հերքել դրանք, ինչպես նաև նրանից բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում:
