Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի խնդրել հրադադար և չի տեսնում որևէ պատճառ ԱՄՆ-ի հետ բանակցելու համար։ Այս մասին նա նշել է CBS-ի Face the Nation հաղորդմանը տված հարցազրույցում։
«Մենք երբեք բանակցություններ չենք խնդրել։ Մենք պատրաստ ենք պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի և կշարունակենք դա անել, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանա, որ սա անօրինական պատերազմ է, որը հաղթանակ չի ունենալու»,- շեշտել է Արաղչին։
Նրա խոսքով՝ հակամարտությունն սկսվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։
«Մարդիկ զոհվում են միայն այն պատճառով, որ նախագահ Թրամփը ցանկանում է զվարճանալ։ Սա ընտրությամբ սկսված պատերազմ է ԱՄՆ-ի կողմից, և մենք շարունակելու ենք ինքնապաշտպանությունը»,- հավելել է նա։
Արաղչին հերքել է, որ պատերազմը սպառնում է Իրանի իշխանության գոյությանը՝ ընդգծելով, որ երկիրը «կայուն և բավական ուժեղ է»։ Նա նշել է, որ Թեհրանը չի տեսնում պատճառ վերադառնալու բանակցություններին, քանի որ հարվածներից առաջ արդեն բանակցություններ էին ընթանում Վաշինգտոնի հետ։
«Մենք բանակցում էինք, երբ նրանք որոշեցին հարձակվել մեզ վրա։ Ամերիկացիների հետ բանակցելու լավ փորձ չունենք։ Եթե մենք խոսում էինք, ինչու որոշեցին հարձակվել։ Այդ դեպքում ինչ իմաստ ունի կրկին բանակցել»,- նկատել է Իրանի ԱԳ նախարարը։
Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանը հարվածներ է հասցնում միայն ամերիկյան ռազմական օբյեկտներին այն երկրներում, որտեղից ԱՄՆ ուժերը օգտագործում են տարածքը Իրանի դեմ գործողությունների համար։ Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է քննարկել նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով այն երկրների հետ, որոնք դիմում են նման խնդրանքով։
Անդրադառնալով միջուկային ծրագրին՝ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ հարստացված ուրանի պաշարները գտնվում են հարվածների հետևանքով վնասված օբյեկտների տակ, և ներկայումս դրանք վերականգնելու ծրագիր չկա։ Նա հիշեցրել է, որ մինչև հարվածները Իրանը պատրաստ էր նվազեցնել հարստացված ուրանի մակարդակը՝ որպես բանակցությունների մաս, սակայն այժմ «սեղանին ոչինչ չկա»։
Արաղչին նաև ասել է, որ Իրանը կարող է վերադառնալ բանակցություններին միայն այն դեպքում, եթե ապագայում որոշվի նոր գործընթաց սկսել, սակայն ներկայումս նման քննարկումներ չեն ընթանում։
X-ի իր էջում Արաղչին նաև նշել է, որ Իրանը կշարունակի պատերազմը, մինչև Թրամփը չընդունի սխալը։ Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը կշարունակեն հարվածները, մինչև Վաշինգտոնը չընդունի «անօրինական պատերազմի» սխալը, և տուժածներին փոխհատուցում չվճարվի։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին հարվածներ հասցնելով։
Կարդացեք նաև՝
