16 մարտի 2026 – 16:45 AMT
PanARMENIAN.Net – Մարտի 15-ի ժամը 13։00-ից հոսանքազերծվել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը և գրասենյակը, խափանվել է նաև ջրամատակարարումը։ Այդ մասին հայտնել է գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։
«Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին ՀԷՑ-ից պատասխանել են. «Մեկ ժամից կմիացնենք»։ Անցել են տասնյակ մեկժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ Ի՞նչ է նշանակում նախագահի նկատմամբ կիրառված և շարունակվող այս տմարդի դրսևորումը: Միայն մեկ բան. հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել այդպիսի ստորության, առանց հրահանգի։ Ավելացնենք, որ մինչ այս պահը Նախագահի առանձնատան եւ գրասենյակի հոսանքի ու ջրի մատակարարումը վերականգնված չէ»,- ասվում է Ավագյանի հաղորդագրության մեջ։
Ըստ Ավագյանի, սա «ոչ թե սովորական վթար է, այլ առաջին նախագահի և նրա ընտանիքի հանդեպ կիրառված և չդադարող սադիզմի դրսևորում»։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Տեր-Պետրոսյանի տան հոսանքազրկմանը։
«Տարիներով ողջ երկիրը առանց լույս թողած ԼՏՊ-ն տրտնջանցել է, որ մի քանի ժամ վթարի պատճառով առանց լույս է մնացել։ Դե կարևորը ինքն է, ոնց ինքն էր ասում՝ 3 կարտոնի հետևում պաշտպանված, տաք, լուսավոր ու ապահով տեղում։
Ոչինչ որ ամբողջ երկիրը մութ ու ցուրտ տարիներ ապրեց, կարևորն իրա լույսը չանջատվի ․․․ եսապաշտ մարած հրաբուխ։
ՀԳ․ Ռուսաստանցի օլիգարխին ուրիշ քծնելու ձև չկա՞ր ․․»,- գրել է Տարոն Չախոյանը։
Ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանն աջակցություն էր հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին՝ նշելով, որ միայն նա կարող է համախմբել ընդդիմությանը: