Այսօր մեկնարկել է «Փողի միջազգային շաբաթ» միջազգային իրազեկման արշավը, որը հիմնադրվել է 2012 թվականին և այժմ վարվում է տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպության կողմից։ Այս մասին, այսօր՝ մարտի 16–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման և ներառման բաժնի պետ Արաքս Մանուչարյանը։
Նրա խոսքով՝ ընդհանրապես անձնական ֆինանսների կառավարումը ունի ութ հիմնական թեմա. «Առաջինը մենք օգնում ենք սպառողներին, որ կարողանան հասկանալ ինչ է փոխարժեքը, ինչ է գնաճը, ինչպես հասկանան մակրոտնտեսական հասկացությունները և կիրառեն իրենց անձնական ֆինանսները կառավարելիս, այնուհետև բյուջեի պլանավորում՝ ինչպես լավ կառավարել ձեր եկամուտները և ծախսերը, եթե չի բավարարում ձեր եկամուտը ինչպես ավելացնել։ Եթե չեք տեղավորվում ձեր ծախսերը կատարելիս, ինչպես դա տեղավորել ձեր ֆինանսների մեջ, հետո խնայողություններ, որովհետև արդեն աշխարհի փորձը ցույց է տվել, որ առանց խնայողությունների չկա ֆինանսական բարեկեցություն։ Ֆինանսապես բարեկեցիկ լինելու համար պետք է անպայման ունենանք անվտանգության բարձիկ կոչեցյալը, որը ձեր ամսական եկամուտների գոնե քառապատիկն է։ Օրինակ, եթե ամսական կտրվածքով ծախսում եք միջինում 150 000 դրամ, գոնե 600 000 դրամ պետք է ունենաք մի կողմ դրած գումար, որը ձեզ կօգնի չնախատեսված իրավիճակներում, և առողջական, և աշխատանքային կորուստ և այլն։ Սա ձեր անձնական ֆինանսների կառավարման ամենաառաջին քայլերը պետք է լինեն։
Խոսում ենք նաև խնայողություններով երազանքներն իրականացնելու մասին խնայողությունները տեղաբաշխելու մասին, օրինակ ինչպես կարող եք տեղաբաշխել ձեր խնայողությունները ավանդներում, պարտատոմսերում, խոսում են նաև կրիպտոակտիվների մասին, դրանց ռիսկերի հնարավորությունների մասին»,– ընդգծեց նա։