Մեծ Բրիտանիայում մոտ 104 հազար մարդ կարող է կորցնել աշխատանքը՝ Մերձավոր Արևելքում տիրող հակամարտության պատճառով։ Այսպիսի եզրակացության են եկել տնտեսագետները. հայտնում է The Telegraph թերթը։
Ռազմական գործողությունների հետևանքները կարող են հանգեցնել երկրում գործազրկության մակարդակի բարձրացմանը։ Այն արդեն հասել է վերջին հինգ տարվա առավելագույն ցուցանիշին՝ 5,2%: Եթե էներգակիրների գները շարունակեն աճել, դա գործատուներին կստիպի փոխհատուցել վնասները հաստիքների կրճատման միջոցով, կարծում է ING ներդրումային բանկի ներկայացուցիչ Ջեյմս Սմիթը։
«[Գործազրկությունը] կախված է նրանից, թե որքան ժամանակ էներգակիրների գները բարձր կմնան։ Եթե մատակարարման ընդհատումները տևեն մոտ երեք ամիս, ապա, կարծում եմ, գործազրկության մակարդակը կգերազանցի 5,5%-ը», – հայտարարել է Սմիթը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։ Հարվածների են ենթարկվել նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ՄԱԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան օբյեկտները։