Սոցցանցերում Արթուր Բաղդասարյանին վերագրվում է կեղծ հայտարարություն «Ուժեղ Հայաստանին» միանալու մասին

Սոցցանցերում Արթուր Բաղդասարյանին վերագրվում է կեղծ հայտարարություն «Ուժեղ Հայաստանին» միանալու մասին

16 մարտի 2026 – 14:34 AMT

PanARMENIAN.Net – Sոցիալական ցանցերում տարածված այն տեղեկությունը, թե Արթուր Բաղդասարյանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին, չի համապատասխանում իրականությանը, գրում է CivilNet․am-ը:

Մարտի 14-ից սոցիալական ցանցերում շրջանառվել են գրառումներ այն մասին, թե «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին։ Այդ հրապարակումներում տարածվել է նաև Բաղդասարյանի լուսանկարը՝ հետևյալ գրությամբ․ «Ես անվերապահորեն աջակցում եմ Սամվել Կարապետյանին և միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը»։

Միևնույն ժամանակ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական էջում, ինչպես նաև վերջին օրերին լրատվամիջոցներում նման հայտարարություն չի հրապարակվել։

#CivilNetCheck-ը կապ է հաստատել «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ, որը հերքել է տարածվող տեղեկությունը։

«Պարոն Բաղդասարյանը դուրս է եկել քաղաքականությունից և որևէ ուժի վերաբերյալ նման հայտարարություն չի արել»,- ասել է Բիշարյանը։

Բաղդասարյանին վերագրվող հայտարարության մասին անդրադարձ է եղել նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանի կողմից։

«Երիտասարդները չեն հիշի, բայց պետք է իմանան, թե ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է նա սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում…»,- գրել է Վարդանյանը։

Փաստացի նա մեկնաբանել է տեղեկություն, որը չի համապատասխանում իրականությանը։ Նրա գրառումը տարածվել է նաև իշխանամերձ լրատվամիջոցների կողմից՝ http://armtimes.com , civic.am, http://radar.am և այլ կայքերում։

Արթուր Բաղդասարյանը եղել է «Օրինաց երկիր» (նախկինում Հայկական Վերածնունդ) կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ է, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահ, Եվրոպական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

2008 թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում զբաղեցրել է 3-րդ տեղը, նույն թվականի մայիսի 4-ին նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2014 թ. ապրիլին ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Leave a Comment