ՀՀ նախկին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մարտի 15-ի հոսանքազրկումը տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով, հայտարարել է առաջին նախագահի գրասենյակը:
Նշվում է, որ մարտի 15-ի ժամը 13։00-ից հոսանքազերծվել են Տեր-Պետրոսյանի առանձնատունը և գրասենյակը, խափանվել է նաև ջրամատակարարումը։ Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին, ըստ հաղորդագրության, ՀԷՑ-ից պատասխանել են, որ մեկ ժամից կմիացնեն:
«Անցել են տասնյակ մեկժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ, առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ Ի՞նչ է նշանակում Նախագահի նկատմամբ կիրառված և շարունակվող այս տմարդի դրսևորումը։ Միայն մեկ բան. հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով», – ասված է հայտարարության մեջ։
Առաջին նախագահի գրասենյակը վստահ է՝ ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել այդպիսի քայլի առանց հրահանգի։
Նշվում է, որ մինչ այս պահը առանձնատան և գրասենյակի հոսանքի ու ջրի մատակարարումը վերականգնված չէ։
«Սա ոչ թե սովորական վթար է, այլ առաջին նախագահի և նրա ընտանիքի հանդեպ կիրառված և չդադարող սադիզմի դրսևորում», – նշվում է հայտարարությունում:
