Ադրբեջանական իշխանությունները թույլ չեն տվել, որ Ռուբեն Վարդանյանը կապվի օմբուդսմենի հետ. ընտանիքի հայտարարությունը

Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է, հայտարարել է Վարդանյանի ընտանիքը:

Ըստ հայտարարության՝ Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել:

«Դատավարություններն ավարտվել են մեկ ամիս առաջ, սակայն ո՛չ Ռուբենը, ո՛չ էլ, մեր տեղեկություններով, մյուս հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն, դեռ չեն ստացել: Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։ Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Նրա և մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը և Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում՝ երկրից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից», – նշել է Վարդանյանի ընտանիքը։

Նրանք նաև մտավախություն ունեն, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները՝ կապի պահպանված միակ միջոցը, կարող են դադարեցվել։

Հայտարարությանը կից հրապարակվել է նաև Ալիևային ուղղված Վարդանյանի դիմումի աուդիոձայնագրությունը, որը նրան թույլ չեն տվել ավարտել։
«Ես կցանկանայի…

Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմեն, տիկին Ալիևա. ստիպված եմ դիմել Ձեզ: Չնայած 2023-ի հոկտեմբերին տեսախցիկի առաջ մեր առաջին հանդիպման ժամանակ Դուք  մեծահոգաբար տրամադրել էիք ձեր հեռախոսահամարը, վերջին 10 օրվա ընթացքում ես չեմ կարողացել կապվել Ձեզ հետ, թեև փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և զանգելու փորձերով գործադրել եմ հնարավոր բոլոր ջանքերը: Հետևաբար, ստիպված եմ դիմել Ձեզ հրապարակայնորեն: Եվ, ցավոք, ինձ ու իմ գործընկերների հետ այստեղ կատարվողը ձեզ փոխանցելու այլ միջոց չունեմ:

Ես խնդրում եմ հանդիպում Ձեզ հետ: Դուք հանրային միակ հաստատության ղեկավարն եք, որին կարող եմ դիմել այս իրավիճակում, քանի որ ադրբեջանական մյուս բոլոր մարմինները կա՛մ իրականացնում են պետական վերահսկողություն, կա՛մ…»:

Այստեղ, ըստ հաղորդագրության, Վարդանյանին ընդհատում են և թույլ չեն տալիս շարունակել Ադրբեջանի օմբուդսմենին ուղղված իր խոսքը: Վարդանյանը նշել է, որ մեկ ամիս է՝ չի կարողանում ստանալ դատավճիռը ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն, ո՛չ ադրբեջաներեն: Զանգն ադրբեջանական կողմն ընդհատել է:

Բաքվի «դատարանը» փետրվարի 17-ին Արցախի նախկին պետնախարարին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման:

Leave a Comment