Միջերկրական ծովից ցիկլոնը Հայաստան է բերել տեղումների ամսական կրկնակի նորմ

Վերջին երկու օրերի ընթացքում Հայաստանում Միջերկրական ծովից ներթափանցած հզոր ցիկլոնի հետևանքով երկրի ամբողջ տարածքում տեղացել են ամսական նորման կրկնակի գերազանցող տեղումներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ հատկապես ինտենսիվ տեղումներ են գրանցվել Ամբերդի, Ապարանի, Հրազդանի շրջաններում։ Ամբերդում երկու օրում տեղացել է 107 մմ տեղում, ինչը երկու անգամ գերազանցում է ամսական նորման։

Արագածի բարձրադիր օդերևութաբանական կայանում ձնածածկույթի բարձրությունը հասնում է 234 սմ-ի, Ամբերդում՝ 107 սմ-ի, Ջերմուկում՝ 101 սմ-ի։ Լեռնային այլ շրջաններում այն կազմում է 30-80 սմ։

Տեղումները կշարունակվեն հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ին և 17-ի գիշերը։ Մարտի 17-19-ը տեղումներ չեն սպասվում։ Մարտի 19-ի ուշ երեկոյան և մարտի 20-ին Միջերկրական ծովից եկող նոր ցիկլոնի պատճառով հանրապետության ամբողջ տարածքում կրկին կանխատեսվում են տեղումներ։

Մարտի 16–18-ը օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4–6 աստիճանով։

Leave a Comment