Ադրբեջանը որպես «փակ ամրոց». կորոնավիրուսային սահմանափակումները շարունակվում են

Ադրբեջանը որպես «փակ ամրոց». կորոնավիրուսային սահմանափակումները շարունակվում են

BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ Ադրբեջանն այսօր աշխարհում միակ երկիրն է, որը կորոնավիրուսի համավարակի սկսվելուց վեց տարի անց դեռևս փակ է պահում իր ցամաքային սահմանները։ Փակեն են բոլոր հարևանների՝ Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ինչպես նաև Հայաստանի հետ սահմանները։ 

Չնայած պաշտոնական հիմնավորումը շարունակում է մնալ «կարանտինային ռեժիմը», երկրի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտորեն խոստովանել է, որ իրական պատճառը «արտաքին վտանգներից» պաշտպանվելն է, ինչը փորձագետները որակում են որպես «պաշարված ամրոցի» քաղաքականություն։

Այս իրավիճակից ամենաշատը տուժում են Վրաստանում բնակվող ավելի քան 230 հազար էթնիկ ադրբեջանցիները, որոնց համար հարազատներին այցելելը դարձել է գրեթե անհնարին շքեղություն։ Եթե նախկինում սահմանամերձ գյուղերի բնակիչները կարող էին ոտքով անցնել սահմանը, ապա այժմ ստիպված են օգտվել միայն թանկարժեք ավիատոմսերից, որոնց արժեքը հաճախ գերազանցում է նրանց ամսական թոշակը։

Սահմանների փակ լինելու պատճառով Վրաստանի սահմանամերձ բնակավայրերը, որոնք նախկինում ապրում էին առևտրով և տուրիզմով, այսօր դատարկվում են ու հայտնվել են սնանկացման եզրին։

Մարդիկ ստիպված են Թբիլիսիից թռչել Բաքու, իսկ այնտեղից ժամերով ավտոմեքենայով հետ գալ դեպի սահմանի մյուս կողմում գտնվող իրենց հարազատ գյուղերը։ Մասնագետների շրջանում շրջանառվում են տարբեր վարկածներ՝ սկսած Իրանից փախստականների հնարավոր հոսքի կանխումից մինչև պետական ավիաընկերության շահույթների ապահովումը, սակայն իշխանությունները հստակ չեն պարզաբանում, թե կոնկրետ ինչ սպառնալիքի մասին է խոսքը։

Leave a Comment