Հայտնի է, թե ովքեր կներկայացնեն ՀՀ-ն «Սլավյանսկի բազարում»

Հայտնի է, թե ովքեր կներկայացնեն ՀՀ-ն «Սլավյանսկի բազարում»

16 մարտի 2026 – 12:19 AMT

PanARMENIAN.Net – Մարտի 14-ին անցկացվել է «Սլավյանսկի Բազար 2026» ամենամյա հեղինակավոր երաժշտական մրցույթի՝ մանկական և երիտասարդ կատարողների հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը։

Մրցույթի կանոնակարգի համաձայն՝ մանկական մրցույթում ելույթ են ունեցել 8-14 տարեկան, իսկ երիտասարդ կատարողների խմբում՝ 18-31 տարեկան անհատ երգիչներ, հայտնում է 1lurer.am-ը:

Այսպիսով, հուլիսի 9-12-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացվելիք «Սլավյանսկի բազար 2026» ամենամյա միջազգային մանկական կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնի 10-ամյա Ալեքսա Վարդանյանը, Երիտասարդ կատարողների մրցույթում` 22-ամյա Լիանա Դանիելյանը։

Ալեքսա Վարդանյանը սովորում է Չայկովսկու անվան դպրոցում և զբաղվում է նաև պարարվեստով։ «The Voice of the World Armenia» մրցույթում նա զբաղեցրել է երկրորդ մրցանակային տեղը։ Ֆրանսիայում անցկացված «Armenian Colors» մրցույթում արժանացել է Գրան պրիի և առաջին մրցանակի, իսկ Հունաստանում կայացած «International Festival Greece’s Hope» միջազգային մրցույթում նույնպես ստացել է առաջին մրցանակ։

Լիանա Դանիելյանն ավարտել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը, ինչպես նաև սովորել է Երգի պետական թատրոնում։ Ներկայում Լիանա Դանիելյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական» բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի է։ Նա մասնակցել է «Sanremo Junior» միջազգային մրցույթին և արժանացել երկրորդ մրցանակի։

Ընտրական փուլում մասնակիցները կատարել են իրենց ընտրած երգերը, իսկ մասնագիտական ժյուրին նախ գնահատել է նրանց վոկալային կարողությունները, այնուհետև նաև բեմական կեցվածքն ու ներկայացումը։

Հայաստանյան ազգային եզրափակիչ փուլին մասնակցած մրցույթի ժյուրին, որը գլխավորել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, առավելագույն միավորներ ստացած մասնակիցների շարքից ընտրել է հաղթողներին։ Մինչ հաղթողների անունների հրապարակումը, մրցույթի բոլոր մասնակիցները կազմկոմիտեից ստացել են մասնակցության հավաստագրեր։

Leave a Comment