Երկրի վրա երբևէ գրանցված ամենամեծ սառցաբեկորներից մեկը սկսել է շարժվել դեպի հյուսիս՝ դեպի ավելի տաք ջրեր

Երկրի վրա երբևէ գրանցված ամենամեծ սառցաբեկորներից մեկը՝ A23a-ն, սկսել է շարժվել դեպի հյուսիս՝ դեպի ավելի տաք ջրեր, որտեղ սպասվում է, որ այն աստիճանաբար կբաժանվի փոքր բեկորների։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Այս հսկայական սառցաբեկորը Անտարկտիդայից անջատվել է դեռևս 1986 թվականին՝ Ուեդել ծովում գտնվող Ֆիլչների սառցադաշտից։ Ավելի քան 30 տարի այն գրեթե անշարժ մնացել էր ծովի հատակին՝ չնայած օվկիանոսի հզոր հոսանքներին։

Միայն 2020 թվականին A23a-ն վերջապես սկսեց շարժվել և այժմ լողում է դեպի հյուսիս։

Գիտնականները կանխատեսում են, որ ժամանակի ընթացքում այն կբաժանվի ավելի փոքր սառցաբեկորների և ի վերջո կհալվի բաց օվկիանոսում։ Նման գործընթացները բնական են Անտարկտիդայից անջատվող սառցաբեկորների համար։

Այսպիսի հսկայական այսբերգներին հետևելը գիտնականներին օգնում է ավելի լավ հասկանալ օվկիանոսի հոսանքները, սառույցի հալման գործընթացները և Անտարկտիդայում տեղի ունեցող երկարաժամկետ փոփոխությունները։

Leave a Comment