Ալի Խամենեին վախենում էր որդու իշխանության գալուց. CBS – Armenia Today

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին վախենում էր իր որդու՝ Մոջթաբա Խամենեիի հնարավոր իշխանության գալուց, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ այս հետախուզական տվյալները ներկայացվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա մերձավոր շրջապատին, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։

CBS-ի աղբյուրները պնդում են, որ Խամենեին իր որդուն համարել է «անբավարար կարողունակ» և անհամապատասխան Գերագույն առաջնորդի դերի համար։ Նա նաև տեղյակ էր որդու անձնական կյանքի խնդիրների մասին։ 2004 թվականին Մոջթաբա Խամենեին ամուսնացել է Զահրա Հադդադ-Ադելի՝ Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամ Ալի Ադելի դստեր հետ։

Թեհրանի վրա ԱՄՆ-Իսրայելական հարձակման հետևանքով Ալի Խամենեիի մահից հետո նրա իրավահաջորդը դարձավ 56-ամյա Մոջթաբա Խամենեին։

CBS-ի տվյալներով՝ Թրամփը մասնավոր զրույցներում ընդունել է, որ վստահ չէ, թո որքանով է հավաստի նախկին Գերագույն առաջնորդի որդու մասին տեղեկությունները։ Սակայն, մարտի 12-ին Fox News-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Իրանի նոր Գերագույն առաջնորդը «հավանաբար ողջ է, բայց վիրավոր է»։

«Նյու Յորք Թայմս»-ը նախկինում, հղում անելով երեք իրանցի պաշտոնյաների, հաղորդել էր, որ Մոջթաբա Խամենեին վնասվածքներ էր ստացել, այդ թվում՝ ոտքերի շրջանում, բայց կենդանի էր մնացել և թաքնվում էր։

Թրամփը նաև հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեիի թեկնածությունը համարում է «անընդունելի»։ Նա ասել է, որ Իրանի փորձագետների ժողովը «վատնում է իր ժամանակը», իսկ Խամենեիի որդին «թեթև քաշ ունեցող» է։

Շարունակվող հակամարտության ֆոնին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը որևէ պատճառ չի տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցելու համար։

«Մենք երբեք չենք խնդրել հրադադար կամ նույնիսկ բանակցություններ», – ասել է նա CBS News-ին։

Արաղչիի խոսքով՝ Իրանը մտադիր է շարունակել ինքնապաշտպանությունը «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։ Նա հակամարտությունն անվանել է «նախագահ Թրամփի և Միացյալ Նահանգների համար նախընտրելի պատերազմ» և նշել, որ Թեհրանը չի վստահում Վաշինգտոնի հետ բանակցություններին։

Նախարարը հիշեցրել է, որ կողմերի միջև բանակցություններն արդեն ընթանում էին նախքան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ առաջին հարվածները հասցնելը։

Արաղչին նշել է, որ Իրանն արդեն բանակցություններ էր վարում ԱՄՆ-ի հետ, երբ նրանք որոշել են հարվածել՝ նշելով, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ երկխոսության դրական փորձ չունի։ Նրա խոսքով, եթե բանակցություններն արդեն ընթանում էին, և դրան հաջորդել էր հարձակումը, ապա բանակցություններին վերադառնալն իմաստ չունի։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին հարվածներ հասցնելով։

Leave a Comment