Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսլամական Հանրապետության հարստացված ուրանի պաշարները ներկայումս թաղված են ԱՄՆ-ի կողմից հարվածված միջուկային օբյեկտի փլատակներում և կարող են հեռացվել Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս մասին հայտարարել է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Այժմ դրանք թաղված են փլատակներում», – ասել է նա՝ պատասխանելով հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ հարցին։ «Ինչպես գիտեք, մեր միջուկային օբյեկտները ենթարկվել են հարձակման։ Եվ դրանք բոլորը թաղված են փլատակներում։ Իհարկե, դրանք հնարավոր է հեռացնել, բայց միայն ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո։ Եթե մենք երբևէ որոշենք դա անել, դա կլինի ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո։ Բայց առայժմ մենք (միջուկային) ծրագիր չունենք։ Մենք դրանք փլատակներից հեռացնելու ծրագրեր չունենք»։