Մերձավոր Արևելքում հակամարտությունը խնդիր է դարձել Ուկրաինայի համար, որը կարող է ամերիկյան զենքի մատակարարումների հետաձգումների հետ կապված խնդիրներ ունենալ։ ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը այս մասին հայտարարել է բրիտանական Financial Times (FT) թերթի համար տված մեկնաբանության մեջ։
«Սա խնդիր է, քանի որ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում նույն ակտիվների համար փաստացի մրցակցություն կա։ Ակնհայտ է, որ Ամերիկայի ուշադրությունն այժմ կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա», – ասել է նա։
FT-ն, հղում անելով աղբյուրներին, ընդգծել է, որ ԵՄ երկրներին տեղեկացվել է, որ ամերիկյան զենքի, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, մատակարարումները Ուկրաինա կհետաձգվեն, քանի որ Վաշինգտոնը առաջնահերթություն է տալիս Մերձավոր Արևելքում հաճախորդներին սպասարկելուն։