Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Կառավարում», «Իրավագիտություն» եւ «Քաղաքագիտություն» մասնագիտությունների մագիստրատուրայի ուսանողների հետ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հյուրընկալել է Ազգային ժողովում իրենց մասնագիտական փորձաշրջանն անցնող Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետների բակալավրիատի 4-րդ կուրսի՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:
Խորհրդարանում արտադրական փորձաշրջան անցնող ուսանողների հետ հանդիպումներ են ունեցել նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Լեւոն Քոչարյանը եւ Ագնեսա Խամոյանը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Ուսանողական գիտական ընկերության» ներկայացուցիչների հետ զրուցել է խորհրդարանական Արուսյակ Ջուլհակյանը:
Պատգամավորները պատասխանել են ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, տարածաշրջանային զարգացումներին եւ անվտանգությանը։
Շաբաթվա ընթացքում ճանաչողական այցով Ազգային ժողովում հյուրընկալվել են նաեւ Հայաստանի մարզերի ու մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների աշակերտներ ու ուսուցիչներ:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հանդիպել են Երեւանի թիվ 187 միջնակարգ դպրոցի 9-12-րդ դասարանների աշակերտների հետ: Բաբկեն Թունյանը զրուցել է նաեւ Լոռու մարզի Դարպասի միջնակարգ դպրոցի սաների հետ:
Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան վարժարանի սովորողներին հյուրընկալել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:
Պատգամավոր Ջուլիետա Ազարյանը հարցուպատասխանի ձեւաչափով շփվել է Երեւանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:
Շիրակի մարզի Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին հանդիպել է խորհրդարանական Արփինե Դավոյանը:
Պատգամավոր Ալխաս Ղազարյանն ընդունել է Գեղարքունիքի մարզի Լիճքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ներկայացուցիչներին: Խորհրդարանականը հանդիպել է նաեւ «Խորհուրդ X» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ:
Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին հյուրընկալել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Վերջինիս հյուրերն են եղել նաեւ Արարատի մարզի Հայանիստի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները:
- Խորհրդարանական Սոնա Ղազարյանը զրուցել է Երեւանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոցի ներկայացուցիչների հետ։
- Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները հանդիպել են պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ:
- Խորհրդարանական Էմմա Պալյանն ընդունել է Շիրակի մարզի Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի սաներին:
Հանդիպումների ընթացքում օրենսդիրները ներկայացրել են խորհրդարանի կառուցվածքը, խոսել ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքի եւ պատգամավորական գործունեության մասին:
Քննարկվել են Հայաստանի անվտանգային խնդիրներին, տարածաշրջանում տիրող իրավիճակին, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ կայանալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ տնտեսական եւ կրթական ոլորտի բարեփոխումներին, մեդիագրագիտությանը, արհեստական բանականության լավ ու վատ կողմերին։
Հյուրերը շրջել են Ազգային ժողովի շենքում, եղել խորհրդարանի գրադարանում եւ թանգարանում: