Ճապոնիան և Ֆրանսիան Հորմուզի նեղուց ռազմանավեր չեն ուղարկի

Ֆրանսիական ավիախումբը՝ ի դեմս «Շառլ դը Գոլ» միակ ավիակիրի, շարունակում է մնալ Արևելյան Միջերկրական ծովում` չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արված կոչին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ–ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում կոչ էր արել մի շարք պետությունների՝ ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Նրա այս կոչը, մասնավորապես, վերաբերում էր Մեծ Բրիտանիային, Չինաստանին, Հարավային Կորեային, Ֆրանսիային և Ճապոնիային։

«Ոչ, ֆրանսիական ավիակիր հարվածային խումբը մնում է Արևելյան Միջերկրական ծովում»,– ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հրապարակված հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից նաև հիշեցրել են, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական Փարիզի դիրքորոշումը չի փոխվել և պաշտպանական բնույթ է կրում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի` համանման հայտարարություն է արել նաև Ճապոնիան։ Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն` Ճապոնիան Հորմուզի նեղուց ռազմանավեր չի ուղարկի միայն այն պատճառով, թե Թրամփն այդպես է ասել:

«Այն միջոցները, որոնք ձեռնարկում է Ճապոնիան, որոշում է ինքն անձամբ, որը հիմնված է միայն իր սեփական որոշումների վրա։ Միայն այն պատճառով, որ Թրամփն ասել է, դեռ չի նշանակում ռազմանավերի ակնթարթային ուղարկում»,- լրատվամիջոցը մեջբերել է Ճապոնիայի ԱԳՆ աղբյուրի խոսքը։

Leave a Comment