«Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ հանդիսացող երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ «Rieger Orgelbau» ընկերությունը


Մշակույթ


ԿԳՄՍ նախարարության և ավստրիական հանրահայտ «Rieger Orgelbau» ընկերության միջև ստորագրված համաձայնագրի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Rieger Orgelbau» ընկերության միջև ստորագրված պայմանագրի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի և կվերականգնվի: 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Արամ Խաչատրյան»  համերգասրահ և տնօրենի՝ Նորայր Նազարյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հետ քննարկել երգեհոնի հիմնանորոգման աշխատանքների մանրամասները։ Երգեհոնի վերանորոգման նպատակով պետությունը կտրամադրի ավելի քան 500 միլիոն դրամ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել համերգասրահի նոր շրջափուլում ակնկալվող արդյունքներին։

ԿԳՄՍ նախարարը շրջել է համերգասրահում՝ ծանոթանալով վերջին տարիներին իրականացվող նորոգման աշխատանքներին:

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Կառավարության ներդրումը «Արամ Խաչատրյան» համերգասրահի բարենորոգման և վերափոխման հարցում ունեցել է փուլային տրամաբանություն՝ սկսած դահլիճի կահավորումից մինչև համերգասրահի համար բացառիկ նշանակություն ունեցող երգեհոնի վերանորոգում:

«Մեր պարտավորությունն է երգեհոնը վերադարձնել հանրությանը, և ուրախ եմ, որ այս գործը սկսում ենք միասին՝ հանդիսատեսին հնարավորություն տալով համերգասրահում վայելելու բարձրակարգ երգեհոնային երաժշտություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով վերանորոգումից հետո երգեհոնը պատշաճ պահպանելու, համապատասխան մասնագետներին վերապատրաստելու, շարունակաբար երգեհոնային համերգներ կազմակերպելու անհրաժեշտությունը:

Նախարարը նաև նշել է՝  կարևորելով երգեհոնային երաժշտության պահպանումն ու զարգացումը` ԿԳՄՍ նախարարությունը տարիներ շարունակ ֆինանսավորում է Երգեհոնային երաժշտության փառատոնը:

Հայաստանի ամենամեծ երգեհոնը, որը տասնամյակներ շարունակ հանդիսացել է համերգասրահի անբաժանելի խորհրդանիշը, տեղադրվել է 1970 թվականին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անմիջական նախաձեռնությամբ և ջանքերով։ Չեխոսլովակյան «Rieger-Kloss» ֆիրմայի այս գործիքը, որը տարիներ շարունակ հարստացրել է Հայաստանի երաժշտական կյանքը, 2020 թվականից գտնվում է տեխնիկական ոչ բարվոք վիճակում և չի շահագործվում։

Մասնագետների մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո կսկսվեն գործիքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն 2027 թ.-ին: Գործիքի նորոգման աշխատանքներում ներգրավվելու են 25 բարձրակարգ մասնագետներ:


Leave a Comment