Իրանը թույլատրել է որոշ հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Հնդկաստանում Թեհրանի դեսպան Մոհամմադ Ֆաթհալին, հայտնում է Reuters-ը։
Միևնույն ժամանակ դեսպանը հաստատել է, որ սա բացառիկ դեպք է այն շրջափակման պայմաններում, որը խաթարել է էներգակիրների համաշխարհային մատակարարումները։
Ֆաթհալին չի հստակեցրել անվտանգ անցման իրավունք ստացած նավերի քանակը։ Նա ելույթ է ունեցել այսօր Նյու Դելիում՝ India Today հեռուստաընկերության համաժողովի ժամանակ։
Մարտի սկզբին Իրանի ներկայացուցիչները հնարավոր էին համարում Հորմուզի նեղուցի փակումը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ֆոնին։ Սակայն ավելի ուշ երկրի արտգործնախարար Աբաս Արաղչին նշել է, որ նեղուցը ձևականորեն մնում է բաց, թեև շատ նավեր խուսափում են դրանով անցնելուց՝ հարվածների ռիսկի պատճառով։
Իրավիճակի սրման ֆոնին Միջազգային էներգետիկ գործակալության երկրները պայմանավորվել են մոտ 400 միլիոն բարել նավթ բաց թողնել ռազմավարական պաշարներից՝ էներգակիրների համաշխարհային շուկան կայունացնելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: