Եղեք օրինակ, մոտիվացրեք, որ մի բան փոխվի փոփ երգարվեստում․ Մանե Գրիգորյանը՝ «Խազեր» մրցանակաբաշխության մասին

Հաղորդավար, Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանն, անդրադառնալով «Խազեր» մրցանակաբաշխության անվանակարգերում ներառվելու մասին  որոշ երգիչների գրառումներին,  նկատել է թե միայն Հայաստանում է, երբ տաղանդավոր ու ակտիվ են, երգեր եւ ալբոմներ ունեն, բայց առաջադրվելու դեպքում բողոքում են:   

«Ակտիվ չես, երգեր չես ձայնագրում, տեսահոլովակներ չես նկարահանում, նստած սպասում ես՝ երբ տաղանդդ կգնահատվի: Չեն առաջադրում, բողոքում ես:

Հույս ունեմ, որ բոլոր տաղանդավոր երգչուհիներն այս տարի գոնե ակտիվ կլինեն, որ հաջորդ տարի իսկապես ամենահետաքրքիր անվանակարգը կրկին «Տարվա լավագույն երգչուհի»-ն լինի:

Շատ անվանակարգերի հետ համամիտ չեմ, բայց այդ ամենը զարգացնել է պետք, ոչ թե մերժել:

Եղեք օրինակ, մոտիվացրեք, որ մի բան փոխվի փոփ երգարվեստում:

Անորակը գրավել է շոուբիզնեսը, գոնե դուք ձեր որակյալ երգերով մի մերժեք»,- նշել է նա:

«Խազեր» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2024 թվականին և անցկացվում է ամենամյա ձևաչափով։ Մրցանակաբաշխության անվանումը վերցված է հայ միջնադարյան նոտագրական համակարգի՝ խազերի անունից։ 

Մրցանակաբաշխությունն անցկացվում է 17 անվանակարգերով՝ ընդգրկելով ինչպես ժանրային (ռոք, ջազ, դասական, ազգային), այնպես էլ կատարողական, կոմպոզիտորական, հնչյունային և տեսահոլովակայնին անվանակարգեր։ Մրցանակակիրները որոշվում  են Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի շուրջ 200 անդամների գաղտնի քվեարկությամբ, որն իրականացվում է հատուկ մշակված համակարգի միջոցով։

Leave a Comment