Բեգլարյան․ Արցախցիների վերադարձի իրավունքն անօտարելի է, կախված չէ Փաշինյանի կամքից

Բեգլարյան․ Արցախցիների վերադարձի իրավունքն անօտարելի է, կախված չէ Փաշինյանի կամքից

14 մարտի 2026 – 12:48 AMT

PanARMENIAN.NetԱրցախցիների վերադարձի իրավունքը անզիջելի և անօտարելի է, հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Նա հավելել է, որ դա կախված չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքից, սակայն «դրա իրացումը դեռևս կախված է», և մինչ դա իրատեսական դառնա, անհրաժեշտ է մի քանի կոնկրետ ու միջնաժամկետ խնդիր լուծել:

«Փաշինյանի վերջին օրերի հակարցախյան հերթական անհեթեթությունների մի մասին պատասխանել եմ Ֆրանս 24-ի հարցազրույցումս, թեև դրա գլխավոր նպատակը Ալիևին պատասխանելն էր: Բայց կուզեի հերթական անգամ մի քանի բան հիշեցնել՝

Արցախյան շարժումը չի կարող փակվել, քանի դեռ Արցախի ժողովուրդն ու նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը գոյություն ունեն:

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, առավել ևս, որ կան բազմաթիվ արցախցիներ վերադարձի ցանկությամբ: Իսկ Փաշինյանի կամքից այդ իրավունքը կախված չէ, սակայն, ցավոք, դրա իրացումը դեռևս կախված է:

Գիտակցելով, որ մեր վերադարձն այս ներքին ու արտաքին ժամանակավոր պայմաններում դեռևս անիրատեսական է՝ մենք ունենք մի քանի կոնկրետ ու միջնաժամկետ խնդիր լուծելու՝ մինչև վաղ թե ուշ վերադարձի պայմանների ապահովումը, մասնավորապես՝

Արցախի ժողովրդի արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքը Մայր Հայաստանում (բնակարան, աշխատանք ու եկամուտ, կայուն բարոյահոգեբանական վիճակ)՝ ոչ միայն մեր իրավունքների ապահովման, այլև՝ ավելի ուժեղ ու միասնական Հայաստանի համար մեր ներուժի պատշաճ իրացման նպատակով:

Վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հիմքերի ամրացումը, այդ օրակարգի վառ պահումը և միջազգային մեխանիզմների ձևավորումը:

Բռնազավթված Արցախի մշակութային ժառանգության ու մեր մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանությունը՝ հնարավորինս կանխելու դրանց ոչնչացումն ու յուրացումը ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կողմից:

Բոլոր պատանդառված հայերի վերադարձը Հայրենիք և անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանումը:

Արցախյան պետական ու հանրային ինստիտուտների պահպանումն ու ամրացումը՝ որպես հավաքական պայքարի և ինքնության հենասյուներ:

Միջազգային ու ներքին հետաքննությունների ապահովումը՝ մեր էթնիկ զտման ու հայրենազրկման հարցում մեղավոր արտաքին ու ներքին անձանց ու հանգամանքների բացահայտման ու պատասխանատվության ապահովման համար:

Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդի վերադարձի և ադրբեջանցիների «վերադարձի» համեմատության թշնամական թեզին, ապա դա լրիվ սին ու հանցավոր համեմատություն է: Ժամանակին Արցախ Միությամբ հրապարակել ենք համապատասխան փաստերն ու փաստարկները: Իսկ ալիևյան բռնապետական ռեժիմը շարունակելու է իր ցեղասպանական ու օկուպացիոն քաղաքականությունը Հայաստանի պետականության և հայ ազգի գոյության ու ինքնության դեմ՝ անկախ հայաստանյան իշխանությունների զիջումների ծավալից ու «խաղաղության սիրավեպից», որը պարզապես չի կարող դրական ավարտ ունենալ ադրբեջանական հայատյացության, ցեղասպանական ու օկուպացիոն քաղաքականության պայմաններում»,-գրել է նա:

Փաշինյանը հայտարարել է, որ, եթե շարունակենք Ղարաբաղյան շարժումը, դա կնշանակի նոր պատերազմ: Նա հավելել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է, որ Ղարաբաղի շարժումը չենք շարունակելու և պետք է ընտրել նրան:

«Կտրիճ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, մնացածը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և մյուսները, տեղավորվում են այս տրամաբանության տակ: Ժողովուրդը պետք է այս ընտրությունը կատարի: Եթե որոշի, որ շարունակում է Ղարաբաղի շարժումը, նշանակում է՝ Կտրիճ Ներսիսյանի բուրգի ներքո գտնվող ուժերի օգտին պետք է քվեարկի: Եթե չի շարունակում Ղարաբաղի շարժումը, պետք է քվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին»,-հայտարարել է վարչապետը:

Leave a Comment