ԿԸՀ-ն պարզաբանումներ է ներկայացրել ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունքի վերաբերյալ

ԿԸՀ-ն պարզաբանումներ է ներկայացրել ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունքի վերաբերյալ

14 մարտի 2026 – 10:48 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանումներ է ներկայացրել ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունքի վերաբերյալ:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում է միայն այն ընտրողը, որը քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել է անձը հաստատող վավեր փաստաթուղթ։ Եթե նման փաստաթուղթ չկա, ընտրելու իրավունքը պահպանվում է, քվեարկությանը հնարավոր է մասնակցել Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։

ԿԸՀ-ից նաև մանրամասնել են, որ Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՀՀ ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի։ Այդ ցուցակում ընդգրկվում են այն անձինք, որոնք տվյալ ընտրության ժամանակ ունեցել են ընտրելու իրավունք և քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ։ Այս դրույթով նախատեսվում է, որ ընտրողների ցուցակում ներառվում է միայն այն ընտրողը, որը այդ ժամանակահատվածում ունեցել է վավեր անձը հաստատող փաստաթուղթ։

Ընտրելու իրավունք ունեցող այն անձը, ով քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում չի ունեցել անձը հաստատող վավեր փաստաթուղթ, չի կորցնում իր ընտրելու իրավունքը և կարող է մասնակցել քվեարկությանը Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։ Այսպես, օրինակ, եթե 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին 10 տարի բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, այդ ընթացքում նրա անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացել է, և նա չի դիմել նոր անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար, ապա նրա տվյալները ներառված չեն լինի ընտրողների ցուցակում, եթե նրա անձը հաստատող փաստաթուղթը վավեր չէ քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում։ Սակայն, եթե տվյալ քաղաքացին քվեարկության օրը գտնվի Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառում ունենալու դեպքում, նա կարող է դիմել լիազոր մարմին (ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ նրա համապատասխան ստորաբաժանում) կամ դատարան, ստանալ համապատասխանաբար՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանք կամ դատական ակտ, այդ փաստաթղթերը ներկայացնելով՝ ընդգրկվել քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում:

ՀՀ-ում հաշվառում չունեցող ընտրողներն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար պետք է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն, լիազոր մարմին ներկայացնեն դիմում ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment