Երևանի թատերական կյանքը շարունակում է հաճելիորեն աշխուժանալ։ Այս օրերին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ տարվա արդեն չորրորդ պրեմիերան՝ ըստ գերմանացի գրող Պատրիկ Զյուսկինդի հանրահայտ «Կոնտրաբաս» մոնոներկայացման։
Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի ղեկավարած ստեղծագործական ընթացքը այս անգամ հանդիսատեսին բերեց մի առանձնահատուկ բեմական փորձառություն՝ խորապես մարդկային, երբեմն հեգնական, երբեմն էլ ցավոտ անկեղծությամբ լեցուն պատմություն արվեստի, միայնության ու չիրականացած սիրո մասին։

Բեմադրության ռեժիսորն է Ելենա Վարդանյանը, ով կարողացել է Զյուսկինդի նուրբ հոգեբանական տեքստը վերածել խտացված բեմական խոսքի ու զուտ մոնոլոգային խոսքին չտրվելու համար զուգորդել է չորս աղջիկների հարակից խաղով։ Ներկայացման կենտրոնում կանգնած է մի 42-ամյա կին և նրա գործիքը՝ կոնտրաբասի պատյանը, որը երբեմն դառնում է ընկեր, երբեմն՝ հակառակորդ, երբեմն էլ՝ կյանքի ամենացավոտ խոստովանությունների լուռ ունկնդիր։
Պետք է անպայման առանձնացնել նաև բեմադրության ռեժիսոր Ելենա Վարդանյանի նուրբ և ճշգրիտ աշխատանքը։ Նա կարողացել է Պատրիկ Զյուսկինդի «Կոնտրաբաս»-ի հոգեբանական խտությունը վերածել ինտիմ թատերական միջավայրի, որտեղ հանդիսատեսն այլևս պարզապես դիտորդ չէ, այլ պատմության համակեցակից։ Վարդանյանի բեմադրական լուծումները պարզ են, զուսպ, բայց միաժամանակ խորապես ազդեցիկ․ դրանք ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում են դերասանի ներքին դրամայի վրա՝ ստեղծելով այն հազվադեպ մթնոլորտը, երբ մեկ դերասանը, մեկ գործիքը և մեկ պատմությունը լիովին բավական են բեմի վրա մի ամբողջ մարդկային աշխարհ բացելու համար։

Գլխավոր դերակատարումը վստահված է Լիլիա Մուկուչյանին, ով բեմի վրա կարողանում է ստեղծել ամբողջ մի ներաշխարհ՝ զգացմունքների, ինքնախոստովանության ու ներքին պայքարի լարվածությամբ։ Նրա խաղում միախառնվում են հումորը, սերը, ցավը, արվեստագետի խոցելիությունն ու մարդու խոր միայնությունը։
Երբ ներկայացումը խաղացվում է ոչ թե ավանդական բեմի վրա, այլ հենց նրա տակ՝ հանդիսատեսի անմիջական շրջապատում, որտեղ դերասանը շնչում է գրեթե կողքիդ, խոսում՝ աչքերիդ մեջ նայելով, ապա պատմությունը այլևս դադարում է միայն բեմադրություն լինելուց․ այն դառնում է նաև քոնը՝ նույն խոցելի սիրով դեպի Ստեֆանի, նույն ներքին խռովքով ու նույնիսկ այն անհասկանալի, բայց մարդկային ցանկությամբ՝ երբեմն ճզմելու սեփական կոնտրաբասը։

Ներկայացման վերջում ընտիր դերասանուհի Լիլիա Մուկուչյանի հերոսուհին կարծես կամաց դուրս է գալիս իր ներքին մենախոսությունից և դիմում հանդիսատեսին մի պարզ, բայց խորիմաստ խոսքով․ շուտով դուք անպայման կծափահարեք… բայց այդ ծափերը շնորհեք ոչ թե ինձ, այլ կոնտրաբասին և ինքներդ ձեզ։
Այդ պահին թվում է՝ բեմի ու դահլիճի սահմանը վերջնականապես ջնջվում է, որովհետև այս պատմության մեջ հանդիսատեսն արդեն վաղուց դարձել է ներկայացման մասնակիցը՝ իր զգացած նույն սիրով, նույն միայնությամբ ու նույն ներքին խոստովանություններով։
Այս պրեմիերան ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ թատրոնը կարող է լինել մի վայր, որտեղ նման պատմությունը բավական է, որպեսզի բեմի վրա բացվի մարդու ամբողջ հոգևոր տիեզերքը։
Սիմոն Սարգսյան
