Արցախը հարց չէ, այլ Հայրենիք, Արցախը սադրանք չէ, այլ Հայրենիք, Արցախը քաղաքական թեմա չէ, այլ Հայրենիք. «Քոչարի» կուսակցություն


«ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության պաշտոնական հայտարարությունը

Սիրելի´ քաղաքացիներ,

Հայոց ցեղասպանության թանգարանը պարզապես մշակութային հաստատություն չէ։ Այն մեր ազգային հիշողության սրբավայրն է, որտեղ պահվում է մեր ժողովրդի ցավը, արժանապատվությունը և պատմական ճշմարտությունը։ Երբ այդ հաստատության ղեկավարին ստիպում են հրաժարականի դիմում գրել միայն այն պատճառով, որ նա օտարերկրյա պաշտոնյային նվիրել է գիրք՝ նվիրված Արցախին, մենք կանգնում ենք շատ ավելի լուրջ հարցի առաջ․ արդյո՞ք Հայաստանում արդեն վախենում են խոսել սեփական հայրենիքի մասին։

Մեր կուսակցության դիրքորոշումը հստակ է. Արցախը որևէ «հարց» չէ, որևէ «քաղաքական թեմա» չէ և առավել ևս «սադրանք» չէ։

Արցախը հայրենիք է։

Հայրենիքը չի կարող լինել սադրանք։

Հայրենիքի մասին խոսելը չի կարող լինել դիվանագիտական սխալ։ Հայրենիքի հիշատակը պահելը չի կարող լինել պատճառ մարդու աշխատանքը խլելու համար։

Եթե այսօր գիրք նվիրելը համարվում է սադրանք, ապա վաղը սադրանք կհամարվի Արցախի անունը արտաբերելը, հետո՝ նրա պատմությունը հիշելը, հետո՝ նրա համար զոհված հազարավոր տղաների հիշատակը հարգելն անգամ։

Մենք չենք կարող ընդունել մի քաղաքականություն, որը փորձում է մարդկանց սովորեցնել ամաչել իրենց պատմությունից։

Մենք ասում ենք հստակ և բաց`
Արցախը հարց չէ, այլ հայրենիք. 
հայրենիքը չեն «փակում» քաղաքական հայտարարություններով։

Հայրենիքը չեն «ջնջում» վարչական որոշումներով։

Հայրենիքն ապրում է ժողովրդի հիշողության մեջ, ժողովրդի արժանապատվության մեջ և ժողովրդի պայքարի մեջ։

Եվ որքան էլ փորձեն լռեցնել այդ խոսքը, այն միշտ հնչելու է ավելի բարձր։
Հայ ժողովուրդը երբեք չի ընդունել պարտադրված մոռացություն։
Եվ չի ընդունելու նաև հիմա։
Արցախը մեր պատմության մի էջ չէ։
Արցախը մեր ժողովրդի մի մասն է։
Եվ ոչ մի իշխանություն չի կարող ստիպել ժողովրդին հրաժարվել իր հայրենիքից։

Արցախը հարց չէ, այլ Հայրենիք

Արցախը սադրանք չէ, այլ Հայրենիք

Արցախը քաղաքական թեմա չէ, այլ Հայրենիք

 

ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցություն

Leave a Comment