
Թուրքիան պատրաստ է դիմակայել բոլոր սպառնալիքներին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում՝ Ռամադանի ավանդական իֆթարի ընթրիքի ժամանակ։
«Մենք ձեռնարկում ենք անվտանգության անհրաժեշտ միջոցներ այն սպառնալիքների դեմ, որոնք կապված են մեր օդային տարածքի խախտման հետ», — ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով Թուրքիայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Իրանից արձակված բալիստիկ հրթիռի խոցման դեպքը։ «Մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել մեր երկիրը այս կրակե թակարդից», — նշել է նա։
«Մեր ջանքերը կենտրոնացած են ոչ միայն իրադարձությունների տեսանելի կողմի, այլև կուլիսներում կատարվողի վրա։ Մենք չենք բացառում որևէ հնարավոր սցենար, վերլուծում և ուսումնասիրում ենք ամեն ինչ, նույնիսկ ամենափոքր մանրուքը։ Երկրի անվտանգությունն ամրապնդելու հետ մեկտեղ, երկխոսության և դիվանագիտության միջոցով աշխատում ենք կանխել հակամարտության տարածումը մեր տարածաշրջան», — ասել է Թուրքիայի նախագահը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը Իրանից արձակված հրթիռ են ոչնչացրել։
Տես նաև՝ Թուրքիայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի ուժերն Իրանից արձակված երրորդ բալիստիկ հրթիռն են խոցել