
Ֆորմալ առումով այս «հայտարարության» առիթը Եվրախորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն է, որտեղ, ըստ Աշոտ Դանիելյանի, նա «նենգափոխել» է Ղարաբաղյան շարժման էությունը, Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումները և ցեղասպանության իրականացման գործողությունները: «Հայտարարության» պաթետիկ ոճը և Հայաստանի վարչապետի հասցեին գռեհիկ վերագրումները, սակայն, վկայում են, որ Աշոտ Դանիելյանի կամ նրա անունից հեղինակած տեքստը խորհրդարանական ընտրություններին Արցախից բռնատեղահանված անձանց հասցեագրած «մեթոդական ուղեցույց» է:
Ովքե՞ր են Արցախի և արցախցիների խնդրով «մտահոգ ուժերը և անհատները»՝ Աշոտ Դանիելյանը չի մանրամասնում, բայց դրա անհրաժեշտությունը չկա: Փոխարենը նա այսպիսի դիտարկում է արել. «Որևէ երկրի՝ այդ թվում և Հայաստանի, իշխանության լիազորությունները սահմանափակվում են այդ երկրի սահմաններով։ Այդ սահմաններից դուրս, այլ պետության (անկախ այն բանից այն ճանաչված է, թե ոչ) տարածքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գործողությունները (քրեական գործերի հարուցում և այլն), այդ պետության բնակչության իրավունքների վերաբերյալ «որոշումների» ընդունումը, ճակատագրի տնօրինումը միջազգային հիմնարար սկզբունքների կոպիտ ոտնահարում է և հանցագործություն։ Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը»։
Այս ձևակերպումը «թարգմանաբար» մի բան է նշանակում՝ Արցախի, ավելի ճիշտ՝ Ստեփանակերտի քաղէլիտան «չի ճանաչում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նրան զրկում է արցախահայության անունից հանդես գալու իրավունքից»: Այս «վերդիկտը» գոնե ներքաղաքական ներկա իրավիճակի «տրամաբանությանը» կներգրվեր, եթե Աշոտ Դանիելյանը չբացահայտեր քառասունչորսօրյա պատերազմի, հետգա իրադարձությունների հանգամանքներով հարուցված քրեական գործերի «ոչ օրինականությունը»:
Կա՞ օրինական գործընթաց, որ կարող է բացահայտումների հասնել և պսակազերծել «Փաշինյանը դավաճանաբար հանձնել է Արցախը, հետո էլ կազմակերպել նրա ժողովրդի բռնատեղահանությունը» նարատիվը: Ըստ երևույթին, այդ առումով Աշոտ Դանիելյանը առնվազն «մտահոգ» է: Տեքստի բոլոր «քնարական զեղումները» բավական ոչ պրոֆեսիոնալ ձեռքով արված «փաթեթավորումներ» են: Ի դեպ, բռնագաղթված արցախցիների մի շատ ստվար հատված էլ Հայաստանի իշխանություններից դժգոհ է, թե ինչո՞ւ առայսօր «չի դատել պատերազմի հանցագործներին, կուլակաթափ չի արել Արցախի հարստությունները կողոպտածներին»: