13 մարտի 2026 – 18:47 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովում ընթացող քննարկման ժամանակ «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը ընթերցել է բուժաշխատողների կողմից առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ուղղված մի շարք նամակներ։ Նամակներից մեկում գինեկոլոգը հարց է բարձրացնում աշխատավարձի չափի վերաբերյալ։
«Հարգելի նախարար, ինչպե՞ս կարելի է ապրել 62 հազար դրամ աշխատավարձով։ Մանկաբարձ գինեկոլոգ եմ, ունեմ 35 տարվա աշխատանքային ստաժ; Ապահովագրություն հետո ունեցել եմ աշխատավարձի նվազում»,- ասվում է նամակում, գրում է Panorama.am-ը:
Անուշ Պողոսյանը նշել է, որ սկզբում պատրաստվում էր ներկայացնել թվեր և հաշվարկներ, սակայն առողջապահության նախարարության ներկայացուցիչների բացակայության պայմաններում դա անիմաստ է համարում, քանի որ չկա քննարկման հնարավորություն։
Նա նաև ներկայացրել է բուժաշխատողների այլ նամակներ, որոնք ուղղված են նախարարին։ «Տիկին Ավանեսյան, ես մանկաբարձուհի եմ, աշխատում եմ պոլիկլինիկայում, դեռ չեմ ստացել աշխատավարձ»։ Մեկ այլ նամակում նշվում է. «Առանց այդ էլ ստանում էինք բժշկի համար խայտառակ ցածր աշխատավարձ՝ 135 հազար դրամ, որոշեցիք, որ դա էլ է շատ: Ապահովաագրությունը լավ բան է, բայց ոչ բժշկի հաշվին»։
Մեկ այլ բուժաշխատող էլ գրել է. «Տիկին Ավանեսյան, վերանայեք առաջնային օղակի հատկապես մանկաբարձուհիների աշխատավարձը, 55 հազար դրա՞մ, այդպիսի գումար ո՞նց կարելիէ վճարել»։
Պողոսյանի խոսքով՝ այս և այլ մեկնաբանություններ բուժաշխատողները թողել են նախարար Անահիտ Ավանեսյանի սոցիալական ցանցերում կատարած գրառումների տակ։
Նա նաև նշել է, որ նախարարությունը հայտարարում է քննարկումների պատրաստակամության մասին, սակայն քննարկմանը ոչ նախարարն է ներկա եղել, ոչ նրա տեղակալները, ոչ էլ համապատասխան հիմնադրամի ներկայացուցիչները։ Նրա գնահատմամբ՝ դա ցույց է տալիս, որ ոլորտի խնդիրների վերաբերյալ բացատրություններ չկան։
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը սկսել է գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Սկզբնական փուլում ընդգրկվել է 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Առաջին փուլում ապահովագրության շահառուներ են դարձել նաև մինչև 18 տարեկանները և 65 տարին լրացած բոլոր անձինք՝ անկախ եկամտային մակարդակից։ Այս խմբերի համար պետությունը 2026 թվականին կիրականացնի 100 տոկոսանոց ֆինանսավորում։
Պարտադիր ապահովագրության փաթեթը տարեկան կազմում է 129, 600 դրամ և ներառում է կանխարգելիչ ու վաղ հայտնաբերման ծրագրեր, սքրինինգային, հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց համար պետությունը հոգում է մեծ մասը, և նրանք ամսական վճարում են ընդամենը 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարների զգալի հատվածը վերաուղղվում է ապահովագրական համակարգին։