ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել մեծացնել աջակցությունը ՀՀ-ին, արգելել ԱՄՆ ռազմական օգնությունը Բաքվին

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել մեծացնել աջակցությունը ՀՀ-ին, արգելել ԱՄՆ ռազմական օգնությունը Բաքվին

13 մարտի 2026 – 18:35 AMT

PanARMENIAN.NetԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամ երկկուսակցական նամակով դիմել է Հատկացումների ենթահանձնաժողովին՝ կոչ անելով ավելացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը և ներառել համապատասխան դրույթներ 2027 ֆինանսական տարվա հատկացումների օրենքում։

Նամակը, որը վայելում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը, ուղղված է Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության, Պետքարտուղարության և հարակից ծրագրերի Հատկացումների ենթահանձնաժողովին (NSRP), գրում է «Փաստինֆոն»:

Կոնգրեսականները կոչ են անում ընդլայնել ԱՄՆ–Հայաստան անվտանգային համագործակցությունը, տրամադրել 100 միլիոն դոլար մարդասիրական օգնություն Արցախից բռնի տեղահանված հայերին, արգելել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, կիրառել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցներ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ և ապահովել Կոնգրեսի վերահսկողությունը TRIPP նախաձեռնության իրականացման նկատմամբ։

Նամակում առաջարկվում է Հայաստանին տրամադրել 20 միլիոն դոլար Foreign Military Financing (FMF) ծրագրի և 10 միլիոն դոլար International Military Education and Training (IMET) ծրագրի շրջանակում՝ նշելով, որ այդ աջակցությունը կնպաստի Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը և Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի զսպմանը։

Կոնգրեսականները նաև առաջարկում են հատկացնել 100 միլիոն դոլար մարդասիրական օգնություն Արցախից տեղահանված հայերին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի 2023 թվականի գործողությունները հանգեցրել են տարածաշրջանի ամբողջ բնիկ հայկական բնակչության բռնի տեղահանմանը։

Նամակում անդրադարձ է կատարվում նաև հայ ռազմագերիների հարցին։ Կոնգրեսականները կոչ են անում ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին և վերանայել «Գլոբալ Մագնիցկու» օրենքի շրջանակում պատժամիջոցների կիրառումը մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։

Առանձին ուշադրություն է դարձվում նաև TRIPP նախաձեռնությանը։ Նամակում նշվում է, որ նախագիծը կարող է առաջացնել մտահոգություններ Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության տեսանկյունից, և անհրաժեշտ է ապահովել դրա նկատմամբ Կոնգրեսի պատշաճ վերահսկողություն։

Կոնգրեսականները նաև մտահոգություն են հայտնել այն տեղեկությունների կապակցությամբ, որ Ադրբեջանը փորձում է ներգրավել օտարերկրյա ներդրումներ նախկինում հայաբնակ տարածքների վերակառուցման ծրագրերում։

ԱՄՆ կոնգրեսականների նամակին անդրադառնալով՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է. «Կոնգրեսի ավելի քան քառասունհինգ անդամներ իրենց անունը դրել են հստակ և սկզբունքային ուղերձի տակ․ Միացյալ Նահանգները պետք է կանգնի Հայաստանի կողքին, պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և արդարություն ապահովի արցախահայության համար։ Այս նամակը, որ հնարավոր է դարձել ամբողջ երկրով մեկ համախմբված ամերիկահայերի ջանքերով, հատկացումների ենթահանձնաժողովին տալիս է երկկուսակցական մանդատ։ 2027 ֆինանսական տարվա հատկացումների գործընթացը Կոնգրեսի ամենահզոր գործիքներից մեկն է, և Հայկական հարցերով հանձնախումբն այս նամակով այդ ուժը ծառայեցնում է հայ-ամերիկյան առաջնահերթություններին»։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։

Leave a Comment