Ի՞նչ պատժամիջոցներ են սպառնում Իրանի հավաքականին ԱԱ-2026-ից հրաժարվելու դեպքում

Եթե Իրանի ազգային հավաքականը միակողմանիորեն հրաժարվի մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, ապա Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից լուրջ պատժամիջոցների կարժանանա։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։

Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից։ Ֆեդերացիային սպառնում է նաև նվազագույնը մինչև 555 հազարի տուգանք, կախված մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու ժամկետներից։ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն կարող է նաև մարզական պատժամիջոցներ կիրառել՝ հետագայում իրանական թիմերից միավորներ հանելով։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Իրանի հավաքականը կարող է հրաժարվել Մունդիալին մասնակցելուց՝ իր նկատմամբ ԱՄՆ-ի վարած ագրեսիվ քաղաքականության պատճառով: Այս թեմային անդրադարձել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նշենք, որ Իրանի հավաքականը ընդգրկվել է G խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բելգիայի, Եգիպտոսի և Նոր Զելանդիայի ընտրանիները: Իրանցիների խմբային փուլի բոլոր երեք հանդիպումները պետք է կայանան ԱՄՆ-ի տարածքում:

Leave a Comment