13 մարտի 2026 – 16:05 AMT
PanARMENIAN.Net – TRIPP նախագիծը դիտարկվում է որպես Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի առանցքային տարր, և դրա իրականացման հետ կապված խնդիրները կարող են բացասական ազդեցություն ունենալ երկու երկրների վրա, նշում են փորձագետները, գրում է BBC-ն:
Նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է, որ «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»` TRIPP նախագծի իրականացումը կարող է հետաձգվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի պատճառով։
Վարչապետի խոսքով՝ ներկայում «Թրամփի երթուղին» ԱՄՆ-ի համար առաջնահերթություն չէ։
«Տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում և ինչով են նրանք զբաղված։ Ցավոք, շատ հավանական է, որ դա կազդի TRIPP-ի իրականացման գործընթացի վրա՝ ժամկետների տեսանկյունից, քանի որ ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ հարցի վրա, սակայն եթե պարզվի, որ դա չի ազդի, ապա լավ կլինի», – ասել է Փաշինյանը մարտի 12-ին:
Նախագիծը պետք է անցնի Հայաստանի տարածքով և կապի Ադրբեջանի հիմնական տարածքը նրա էքսկլավի՝ Նախիջևանի հետ։ Այն ներկայացվում է որպես փոխզիջումային լուծում․ Բաքուն կստանա անխոչընդոտ կապ Նախիջևանի հետ, իսկ Երևանը կպահպանի ինքնիշխանությունը տվյալ տարածքի նկատմամբ։
Սակայն երթուղին պետք է անցնի Արաքս գետի երկայնքով, որտեղ գտնվում է Հայաստանի և Իրանի սահմանը։
Այդ տարածաշրջանը կարևոր առևտրային հանգույց է Թեհրանի համար, և արդեն այժմ իրանական ընկերությունները ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացնում այն հատվածում, որտեղ նախատեսվում է անցկացնել «Թրամփի երթուղին»։ Նույն տարածքով անցնում է նաև Իրան–Հայաստան գազատար խողովակաշարը։
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմը շարունակվում է արդեն մոտ երկու շաբաթ։
Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում ոչ միայն Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, այլ նաև Պարսից ծոցի երկրներին։ Չնայած ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սերտացմանը և ռազմավարական գործընկեր լինելու կարգավիճակին՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը չեն աջակցում այս պատերազմին։ Երկու երկրների ղեկավարները նաև ցավակցություն են հայտնել այաթոլլա Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ և շնորհավորել նրա որդուն՝ Մոջթաբա Խամենեիին, Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ընտրվելու առթիվ։
Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Կոնուլ դե Մորի խոսքով՝ ԱՄՆ–Իրան պատերազմը կարող է TRIPP նախագիծը Իրանի տեսանկյունից դարձնել ավելի վիճահարույց, սակայն դա պարտադիր չի նշանակում նախաձեռնության դադարեցում։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը գրեթե հաստատ կդարձնի TRIPP նախագիծը շատ ավելի վիճահարույց Իրանի տեսանկյունից, սակայն դա ինքնաբերաբար չի նշանակում նախաձեռնության դադարեցում։ Եթե նախագիծը հետաձգվի կամ չեղարկվի, դա կարող է բարդացնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը», — նշել է նա BBC-ի հետ զրույցում։
Նախատեսվում է, որ TRIPP նախագծի շինարարական աշխատանքները կսկսվեն ամռանը։
Այս տարվա հունվարին ԱՄՆ-ն և Հայաստանը ներկայացրել են նախագծի իրականացման շրջանակային ծրագիր, որը նախատեսում է ստեղծել ամերիկյան կառավարության վերահսկողության տակ գտնվող ընկերություն։ Այդ ընկերությունը պետք է կառուցի երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքներ և կառավարի դրանք առնվազն 49 տարի։
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին դեռևս 2025 թվականի օգոստոսին սպառնացել էր, որ Իրանի սահմանին ամերիկյան ներկայության մեծացումը կարող է ապագա երթուղին վերածել «Թրամփի վարձկանների գերեզմանի»։
Միևնույն ժամանակ հայ դիվանագետները նախկինում փորձել են համոզել իրանցի գործընկերներին, որ նախագիծը չի սպառնում Իրանի շահերին։ Երևանի տարածաշրջանային ժողովրդավարության և անվտանգության կենտրոնի տնօրեն Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ այս հարցում արդեն եղել են որոշ դրական տեղաշարժեր։
Նրա գնահատմամբ՝ այժմ կարելի է սպասել, որ Թեհրանի դիրքորոշումը կդառնա ավելի կոշտ, սակայն դա դեռ չի նշանակում, որ երթուղին չի իրականացվի։
«Հարցն այն է, թե ինչ գործիքներ ունի Իրանը այս նախագծի իրականացումn արգելափակելու համար։ Կարծում եմ՝ ամեն ինչ կսահմանափակվի քաղաքական հայտարարություններով», — նշել է նա։
Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան ևս ընդգծել է, որ եթե TRIPP-ի շինարարությունը հետաձգվի կամ ամբողջությամբ չեղարկվի, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի համար։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ նույնիսկ մեծացրել է Ադրբեջանի համար Հայաստանի տարածքով ճանապարհ ունենալու անհրաժեշտությունը։ Իրանի տարածքով առևտրային հաղորդակցությունը խաթարվել է, իսկ Նախիջևանի օդանավակայանը որոշ ժամանակ փակ է եղել իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։
Բաքուն հայտարարել է, որ իրանական անօդաչու սարքերը հարվածել են Նախիջևանի օդանավակայանին, մինչդեռ Իրանը պատասխանատվությունը վերագրել է Իսրայելին։
Վերլուծաբանների կարծիքով՝ Սպիտակ տան ակտիվ քաղաքականությունը Հարավային Կովկասում կարևոր խթան է դարձել Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում նկատվող առաջընթացի համար։ Երկու երկրների ղեկավարները նախկինում ընդգծել են Դոնալդ Թրամփի «պատմական դերը» հակամարտության ավարտի հարցում։
«Եթե ստեղծվի տպավորություն, որ Ամերիկայի համար այս հարցն այլևս կարևոր չէ, ապա իրավիճակը կարող է դառնալ շատ ավելի փխրուն», — նշել է Կուչերան։
Միևնույն ժամանակ Կոնուլ դե Մորը կարծում է, որ խաղաղության գործընթացը կարող է շարունակվել նաև առանց Վաշինգտոնի ակտիվ մասնակցության։ Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում արդեն հաստատվել է խաղաղության պայմանագրի տեքստը, թեև այն դեռ չի ստորագրվել։ Բացի այդ, Ադրբեջանը սկսել է Հայաստան արտահանել բենզին և դիզելային վառելիք, և այդ ամենը ձեռք է բերվել ուղղակի երկկողմ բանակցությունների արդյունքում՝ առանց միջնորդների։
«Երկու կողմերն արդեն ձևավորել են համեմատաբար կայուն երկկողմ բանակցային ուղի, և TRIPP նախագծի հետաձգումը կամ նույնիսկ չեղարկումը դժվար թե տապալի ավելի լայն խաղաղության գործընթացը։ Ավելին, Իրանում պատերազմը կարող է նույնիսկ խթանել կողմերին արագացնել բանակցությունները, քանի որ տարածաշրջանային անկայունության ընդհանուր վտանգը դառնում է ավելի ակնհայտ», — ասել է նա։