13 մարտի 2026 – 14:49 AMT
PanARMENIAN.Net – ITEC ծրագրի շրջանավարտները կամուրջ են Հնդկաստանի հետ հարաբերություններում, ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրին նվիրված միջոցառմանը։
Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:
Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ծրագրի շրջանավարտներին՝ ընդգծելով, որ նրանք իրենց գիտելիքներով և փորձով նպաստում են Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանը։
«Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Հնդկաստանի Հանրապետության հետ ձևավորված բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները։ ITEC ծրագիրը համագործակցության կարևոր ուղղություններից է, որը տարիների ընթացքում դարձել է մասնագիտական կարողությունների զարգացման արդյունավետ հարթակ։
Հատկանշական է, որ նույնիսկ COVID-19 համավարակի դժվարին ժամանակահատվածում ծրագիրը շարունակեց իր կարևոր առաքելությունը՝ թվային հարթակների միջոցով հազարավոր մասնագետների տրամադրելով առցանց դասընթացներ։ Վստահ եմ՝ ITEC ծրագրի շրջանավարտները նպաստում են տարբեր ոլորտների զարգացմանը՝ միաժամանակ հանդիսանալով հուսալի կամուրջ Հայաստանի և Հնդկաստանի միջև, ամրապնդելով մեր ժողովուրդների միջև դարեր ի վեր ձևավորված բարեկամությունը»,-ասել է նա:
ITEC ծրագրի շրջանակում Հնդկաստանի Հանրապետությունը աշխարհի տարբեր երկրներից մասնագետների համար տրամադրում է կարողությունների զարգացման հազարավոր դասընթացներ և կրթաթոշակներ։ Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս մասնակիցներին զարգացնել մասնագիտական հմտությունները, ինչպես նաև ծանոթանալ Հնդկաստանի մշակույթին, պատմությանը և հյուրընկալությանը։
Հայաստանի քաղաքացիները ITEC ծրագրին մասնակցում են 1999 թվականից։ Այդ ընթացքում ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 433 մասնագետ՝ պետական կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության և այլ ոլորտներից։ 2025–2026 թվականներին ծրագրին մասնակցել է 39, իսկ 2024–2025 թվականներին՝ 38 հայ մասնագետ։